Ինկերը 500 տարի առաջ զոհաբերել են 14-15 տարեկան մի աղջկա, ով հարյուրամյակների ընթացքում մնացել է Լուլայլեյկոյի լանջերին' ծովի մակարդակից 6739 մետր բարձրության վրա, սառույցների տակ, որի հետևանքով մարմինը պահպանվել է գերազանց վիճակում:
Աղջկա կողքին հայտնաբերել են նաև երկու զոհերի սառեցված մարմիններ՝ յոթամյա տղայի և վեց տարեկան աղջիկա: Յոթ տարեկան տղայի մարմինը նույնպես ենթարկվել է հետազոտությունների, սակայն վեցամյա աղջկա մարմինը դեռ ուսումնասիրված չէ:
Ըստ գիտնականների՝ փոքրիկին հարվածել է կայծակը, ինչն էլ կարող է ազդել հետազոտությունների արդյունքի վրա:
ԴՆԹ –ի ավանդական վերլուծության փոխարեն գիտնականներն ուսումնասիրել են դիակի սպիտակուցները և հյուսվածքները, ինչի հետևանքով պարզվել է, որ արտաքինից առողջ մումիան, ըստ երեւույթին, ունեցել է վարակիչ թոքերի բակտերիա, ինչը նման է տուբերկուլյոզի: Զարմանալի փաստ է, քանի որ առաջին անգամ է, ինչ մումիայի մեջ հայտնաբերվում է վարակ:
Եզակի մումիան հայտնաբերվել է 1999 - ին Լուլայլեյկոյի լանջերին, ծովի մակարդակից 6739 մետր բարձրության վրա Արգենտինայի և Չիլիի սահմանի միջեւ:
Ուսումնասիրությունների ընթացքում պարզ է դարձել, որ նախքան նրանց զոհաբերելը, ամբողջ տարվա ընթացքում երեխաներին բարձրորակ սնունդով են կերակրել:
Երեխաներին զոհաբերելու փաստը վկայում է նրանց շուրջ հայտնաբերված ոսկին, արծաթը, հագուստը, կերակուրներով լի ափսեները և հետաքրքիր գլխի զարդարանքը' անհայտ թռչունի սպիտակ փետուրներից:
Պատմաբանները վկայում են, որ երեխաներին զոհաբերելու պատճառ է հանդիսացել նրանց գեղեցկությունը. բացի դրանից երեխաները համարվել են ավելի մաքուր արարածներ, քան մեծահասակները:
Հետազոտությունները կատարել են Նյու Յորքի համալսարանի գիտնականների թիմը՝ Անժելիկա Կորտելսի գլխավորությամբ:
Արուսյակ Սիմոնյան