ԱՄՆ Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ փորձագետներ Proceedings of the National Academy of Sciences պարբերականում ներկայացրել են իրենց կատարած հետազոտությունը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են թունելներում տեղաշարժվում Solenopsis invicta տեսակի մրջյունները, գրում է tert.am-ը` հղում տալով Lenta.ru-ին: Ինստիտուտի կայքում ընդգծվում է, որ այդ հետազոտությունն իրականացվել է փորձագետների կողմից ստեղծվող ռոբոտների տեղաշարժման նմանօրինակ մեթոդ մշակելու նպատակով:
Այս մրջյունները ամերիկացիներից շատերի մոտ բացասական զգացողություններ են առաջացնում, քանի դրանց խայթոցը շատ ցավոտ է և առանձին դեպքերում կարող է մահացու լինել: Սակայն գիտնականներին հետաքրքրել է նրանց տեղաշարժվելու ունակությունը մրջնաբների ամենադժվար վայրերում: Ըստ գիտնականների մրջյունները ստիպված են լինում հաղթահարել այնպիսի դժվարություններ, որոնց հանդիպում են հենց նեղ տարածքներում տեղաշարժվելու համար նախատեսված ռոբոտներ նախագծողները: Մրջունը, ինչպես և այդ նպատակի համար ստեղծված ռոբոտները շարժվում են նեղ և մութ ուղիներով՝ շատ քիչ տվյալներ ունենալով շրջապատի մասին:
Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են մրջյունները տարբեր խորության և խոնավության փոսեր փորում թունելում: Այնուհետև ռենտգեն նկարահանող սարքի միջոցով նկարելով թունելի կառուցվածքը՝ գիտնականներն եկել են այն եզրակացության, որ անկախ հողի խոնավությունից կամ խորությունից, մրջյունների շարժի տրամագիծը մնում է անփոփոխ, որը գրեթե հավասար է նրանց մարմնի երկարությանը՝ 3,5 մմ: Ըստ գիտնականների եզրակացության՝ դա թույլ է տալիս ինչ-որ խոչընդոտի հանդիպելով ընկնելիս՝ հեշտությամբ վերադառնալ նախնական դիրքին և շարունակել ընթացքը: