Երգչուհի Անահիտ Սիմոնյանը վերջերս բացեց իր կարի արհեստանոցը։ Lurer.com-ին հետաքրքրեց՝ արդյոք արդարացել են երգչուհու սպասումները, ինչ ստեղծագործական նորություններ ունեն Անահիտը և Հայկոն, ինչպես նաև չշրջանցեցինք փոքրիկ Արմանի հետ կապված փոփոխությունները:
Ինչպես հավաստիացրեց Անահիտը, «ատելյեն» իսկապես արդարացրել է երգչուհու սպասումները, նույնիսկ ավելին:
-Իմ բոլոր սպասումներն արդարացան, և ես շատ ուրախ եմ, որ ձեռնարկեցի այս գործը:
-Իսկ ի՞նչ դժվարություններ ստիպված եղաք հաղթահարել արդեն «ատելյեն» բացելուց հետո:
-Սկզբում խնդիրը հունի մեջ ընկնելն էր, այսինքն՝ հաճախորդների ցանկությունները և մեր առաջարկների համընկնումը: Բայց հիմա արդեն ամեն ինչ անցյալում է, և ինչպես ասում են, հունի մեջ ենք ընկել:
-Գիտեմ նաև, որ մեր ճանաչված անձանց հետ ևս համագործակցում եք. արդյոք քմահա՞ճ են նրանք հագուստի հարցում:
-Այս ընթացքում հասցրել եմ աշխատել Էմմիի հետ նրա նոր տեսահոլովակի համար, որը շուտով կհանձնվի հեռուստադիտողների դատին: Եվ պետք է ասեմ, որ իր հետ շատ հեշտ էր աշխատելը, քանի որ նա ամբողջությամբ վստահել է իմ ճաշակին:
-Իսկ սովորաբար Ձեր հաճախորդներն իրենց պատվերներն անում են կրկնօրինակելո՞վ որևէ մեկի հագուստը, թե՞ վստահելով Ձեզ՝ ցանկանում են կրել հենց Ձեր մոդելավորած հագուստը:
-Չէ, ավելի շատ խորհրդակցում են ինձ հետ, իսկ ես, հաշվի առնելով նրանց նախասիրությունները, պատրաստում եմ հագուստը:
-Այս պահին թե՛ Դուք, թե՛ Հայկոն ստեղծագործական առումով թվացյալ դադարի մեջ եք, ի՞նչ նորություններ են սպասվում:
-Հայկոն շատ շուտով՝ հունիսի կեսին, կթողարկի ձայնասկավառակ, իսկ իմ կողմից՝ նոր երգ և երևի նաև տեսահոլովակ:
-Անահի՛տ, ընդամենը երկու օր առաջ Ձեր որդին՝ Արմանը, դարձավ երկու տարեկան: Ինչպե՞ս նշեցիք տարեդարձը, և ի՞նչ անակնկալներ եղան:
-Քանի որ Արմանն արդեն մեկ ամիս է, ինչ մանկապարտեզ է հաճախում, հենց այնտեղ էլ որոշեցինք նշել որդուս ծննդյան տոնը՝ իր ընկերների և դաստիարակների մասնակցությամբ: Նրա դաստիարակներն ու տնօրենը գեղեցիկ զարդարել էին ամեն ինչ և անակնկալ էին պատրաստել Արմանի համար:
Իսկ երեկոյան արդեն մեր հարազատների և ընկերների շրջապատում կրկին նշեցինք մեր փոքրիկի տարեդարձը:
-Առհասարակ, ողջ աշխարհում ճանաչված անձինք սիրում են «երես տալ» իրենց երեխաներին՝ բրենդային հագուստներով և մի շարք այլ շռայլություններով: Դուք ինչպե՞ս եք վարվում, արդյոք «երես տալի՞ս» եք փոքրիկին:
-Ես չեմ պատկանում այն ծնողների դասին, ովքեր «երես են տալիս» իրենց երեխաներին: Բնականաբար, ամեն ինչ անում եմ Արմանի համար՝ և՛ հագուստներ եմ գնում, և՛ նվերներ, բայց ամեն ինչ չափի մեջ: Ի դեպ, ինչ վերաբերում է դաստիարակությանը, ես ավելի խիստ եմ, քան Հայկոն:
-Երեխայի ծնունդը, հատկապես՝ կնոջ կյանքում, շրջադարձային փոփոխություններ է մտցնում: Ի՞նչ փոխվեց Ձեր և Հայկոյի կյանքում:
-Կարծում եմ՝ երեխայի ծնունդը փոփոխություններ է մտցնում ծնողներից երկուսի մոտ էլ: Բնականաբար փոխվում է ողջ առօրյան, օրինակ՝ եթե առաջ մեզ կարողանում էինք թույլ տալ արթնանալ 12-ին կամ 13-ին, ապա հիմա 07-ից արթնանում ենք: Իր առօրյան, զբոսանքները, ամեն ինչ սկսում է փոխել, և կյանքդ ավելի հետաքրքիր է դառնում:
-Հետաքրքիր է՝ մինչև Արմանի ծնունդը քանի երեխա էիք ցանկանում ունենալ և նրա ծնունդից հետո արդյոք փոխվե՞լ են ծրագրերը:
-Մինչ Արմանի ծնունդը ցանկանում էինք ամենաշատը երկուսը ունենալ, իսկ որդուս ծնունդից հետո էլ չենք ուզում (ծիծաղում է...), ես էլ չեմ ուզում:
-Փաստորեն չարաճճի փոքրիկ է...
-Չէ, չեմ կարող բողոքել այդ առումով, չար չէ, դեռ ավելին, փառք Աստծո, շատ հանգիստ փոքրիկ է, փոքր հասակում էլ մեզ չի անհանգստացրել: Բայց ամեն դեպքում՝ ինչքան շատ երեխա, այնքան շատ խնդիրներ: Պետք է ժամանակդ յուրաքանչյուրին հավասարաչափ տրամադրես: Իսկ քանի որ երկուսս էլ աշխատում ենք, այդ ամենը համատեղել մի քիչ դժվար է:
Եվ երկրորդ երեխայի ժամանակ ավելի կդժվարանա ամեն ինչ, բայց, բնականաբար, կատակում էի, ամեն դեպքում երկրորդ երեխան կունենանք, բայց ոչ մոտ ապագայում:
Հակոբյան Ռուբինա