PanARMENIAN.Net - Եվրատեսիլի կազմակերպիչները պաշտոնապես հերքել են Ռուսաստանի օգտին տված ձայները «կորցնելու» մասին հայտարարությունը. «Ամեն ինչ հստակ էր, խախտումների մասին մեզ հայտնի կդառնար»: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովայի օգտին Ադրբեջանում տված ձայների քիչ քանակությունը Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած Եվրատեսիլի եզրափակչում տարակուսանք էր առաջացրել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին և հանրային հեռուստատեսության ներկայացուցիչը հայտարարել էին, թե նման բան հնարավոր չէ: Պարզելու համար այդ հանգամանքները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել էր պարզել տհաճ միջադեպը, հայտնում է haqqin.az-ը: