Ի՞նչ են խոսում. Արսեն Լևոնյանն աշխատանքի է անցել Ստանիսլավսկու անվան թատրոնում:
Իրականում. լուրը ճշտելու համար խոսեցինք դերասանի հետ, ով հաստատեց այն: Արսենի փոխանցմամբ' արդեն մոտ երկու տարի է' աշխատում է Ստանիսլավսկու անվան թատրոնում: «Շատ պատահական եմ ընդունվել այդ թատրոն. թատերական ինստիտուտն ավարտելուց հետո մի օր գնացել էի ընկերոջս տեսնելու, ով դասի էր Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մոտ:
Մտա այդ կուրս և հարցրի' կարո՞ղ եմ նստել: Պարոն Գրիգորյանը չմերժեց և սկսեց ինձ ռուսերենով հարցեր տալ, թե ինստիտուտն ավարտելուց հետո ինչով եմ զբաղվում և ասաց, որ երբ ազատ ժամանակ ունենամ' գնամ թատրոն, ինձ հետ խոսելու բան ունի,- պատմեց Արսենը և ավելացրեց,- մի քանի օր անց գնացի, ու ինձ առաջարկեցին որպես դերասան աշխատել թատրոնում: Միայն ավելացրեց, որ «չարաճճիություններ» չանեմ»:
Արսենն ասաց, որ ինքն էլ իր հերթին որոշել է Ալեքսանդր Գրիգորյանի «լավության տակից» դուրս գալ ասմունքելով' առաջարկելով որևէ բան արտասանել Եսենինից, որովհետև չի սիրում անպատասխան բաներ:
Տեղեկացնենք, որ Արսենն այժմ խաղում է «Ֆիլումենա Մարտուրանո», «Աբանամատ» և այլ ներկայացումներում: