Ladynews.am-ի հյուրասրահում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի

ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը

-Արվեստում լինելն առհասարակ բարդ բան է, իսկ բալետում՝ գուցե առավել, որտեղի՞ց գտաք Ձեր մեջ այդքան ուժ, ինչ-որ տեղ նաեւ համարձակություն այս մասնագիտությունն ընտրելու համար:

-Ես ընդամենը ութ տարեկան էի, համարձակությունն էլ չգիտեմ՝ որտեղից էր բխում: Կյանքում առհասարակ համարձակ եմ, լինելով ճանաչված՝ օրինակ՝ կարող եմ շատ կարճ հագնել, շորտերով դուրս գալ փողոց, համարձակ եմ գտնվել, երբ բեմադրել եմ իմ ներկայացումը, եւ կոշիկներով եմ բեմ բարձրացել՝ հանելով բոլոր բալետային պարամետրերը, ի վերջո մերկացել եմ բեմի վրա՝ մնալով տոպիկով եւ վարտիքով, իսկ Հայաստանում մինչ այդ ոչ մեկը նման բան չէր արել: Երեւի համարձակ լինելն իմ մեջ է եւ վերջ:

-Ո՞վ է Ձեր՝ դեպի բալետն ունեցած սիրո «մեղավորը»:

-Երբ դեռ շատ փոքր էի, հիշում եմ՝ կանգնում էի հեռուստացույցի առջեւ, այն ժամանակ դեռ սեւ-սպիտակ էին հեռուստացույցները, հագնում էի մայրիկիս շորերը եւ ինչ-որ պարեր պարում ՝ փորձելով գրավել բոլորի ուշադրությունը: Պապիկս շատ լավ դաշնամուր եւ կիթառ էր նվագում, և նա հենց սկսում էր նվագել, ես պարում էի. պարն ուղղակի իմ մեջ էր: Ցավոք տատիկս ու պապիկս հետագայում չհասցրեցին զբաղվել ինձնով, պարարվեստի ուսումնարան ուրիշ մարդ տարավ: Ինչպես արդեն ասացի՝ ընդամենը ութ տարեկան էի, այնտեղ ինձ ասացին՝ ֆիզիկական տվյալներս չեն համապատասխանում, բայց կարող եմ մնալ ուղղակի փորձելու համար եւ այդպես մնացի առ այսօր (ծիծաղում է):

-Իսկ այդ ֆիզիկական տվյալների հետ կապված խնդիրը փաստորեն այդքան էլ կարեւո՞ր չէր:

-Ֆիզիկական տվյալները երկրորդական չեն կարող լինել պարողի համար. այն հեշտացնում է պարուհու գործը, եւ դու կարողանում ես ավելի արագ սովորել վարժությունները: Իմ դեպքում այն, ինչի հասել եմ հիմա, շատ աշխատելու արդյունք է. մարդիկ կան, որ ծնվում են ֆիզիկական տվյալներով, իսկ դու պետք է անընդհատ փորձես եւ սովորես:

-Այսինքն՝ կարելի է ասել՝ Ձեր դեպքում աշխատասիրությունն է իր «գործն» արե՞լ, իսկ տաղա՞նդը: Այդ երկուսից ո՞րն եք ավելի կարեւորում արվեստում, արվեստագետի համար:

-Ես գտնում եմ՝ աշխատասիրությունը. կան շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր ծույլ են եւ չեն կարողանում իրենց լիարժեք դրսեւորել: Ցանկացած բնագավառում, որտեղ դու գտնվում ես եւ ուզում ես բարձունքների հասնել, պետք է լինես շատ աշխատասեր. միայն տաղանդով դու առաջ չես գնա, այն շուտ է ցնդում, իսկ եթե կա աշխատասիրություն' ամեն բան դառնում է հնարավոր:

-Բեմի մարդկանց համար կերպարանափոխությունը պետք է որ կարեւոր հանգամանք լինի, եթե փորձեք հիշել մի դեր, որի ժամանակ ստացել եւ ապրել եք այն առավելագույնը, որ հնարավոր է, դա ո՞ր դեր կլինի:

-Երբ ես մտնում եմ բեմ' դադարում եմ մտածել կերպարի մասին. մինչ այդ այնքան եմ ուսումնասիրում կերպարը, որ բեմ դուրս է գալիս արդեն կերպարը, ոչ թե ես, այնտեղ ես չեմ խաղում, ես ապրում եմ: Ցանկացած կերպար խաղալիս ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, չնայած ինձ ասում են՝ ես «Ջուլիետա» եմ ծնվել:

-Մի առիթով նշել եք՝ չեք փոշմանել Ձեր ընտրության համար, բոլոր հարցերո՞ւմ եք այդքան վճռական, արածների համար երբեք չեք փոշմանո՞ւմ:

-Երբեք արածներիս համար չեմ փոշմանում, եթե դա սխալ է լինում, ապա դա ինձ համար դառնում է փորձ՝ մյուս անգամ չսխալվելու համար: Ընդհանրապես ոչ մի քայլիս համար չեմ փոշմանում, ես կողքիս չեմ ունեցել ծնողներ կամ սրտացավ մարդիկ, ովքեր ինձ կփայփայեին, որոշումներս ու քայլերս արել եմ ինքնուրույն՝ այդպես սովորելով լինել ուժեղ եւ համարձակ. երբ կողքիդ ոչ ոք չի լինում, դու դառնում ես ուժեղ:

-Ժակլի´ն, երբ հայացք եք նետում Ձեր անցած ուղուն, Ձեր արած աշխատանքին, ի վերջո, ի՞նչ եք զգում, ի՞նչ է Ձեզ համար բալետը:

-Բալետը դա իմ ստեղծագործական կյանքն է. կա նաեւ այլ կյանք՝ դա իմ աղջիկն է, եւ մեկը մյուսի հետ երբեք չպետք է խառնել, դու պետք է կայացած լինես նաեւ այս բնագավառում՝ լինելով մայր, կին:

-Իսկ այս երկու «աշխարհներում» որտեղ են պահանջներն ավելի մեծ, բարդություններն ավելի շատ:

-Կյանքում: Բալետում ինքս եմ իմ առջեւ խնդիրներ դնում եւ լուծում. ինձ տվել են դեր, եւ ես պետք է խաղամ, իսկ կյանքում շատ դժվար է' այնտեղ դու պատասխանատու ես շատերի համար, իսկ բեմում, ինչքան էլ բարդությունները շատ են, դու պատասխանատու ես ինքդ քո առջեւ:

-Բարդ է հաջողությունների հասնելը, երեւի ավելի բարդ գրանցված հաջողությունները պահպանելը, ի՞նչ եք անում ունեցած հաջողությունները պահպանելու համար:

-Ես գտնում եմ՝ երբ մարդը հաջողություն է ունենում, չպետք է «հանգստանա». նա շատ շուտ «կընկնի». մեր կյանքը սար է, մենք բարձրանում ենք, բարձրանում, իսկ երբ հասնում ենք գագաթին, այնտեղ մնալը դառնում է շատ դժվար. մի աննշան սխալ եւ ցած կգլորվես, ուստի պետք է անընդհատ աշխատես ինքդ քեզ վրա, չի կարելի կանգ առնել, հենց կագն առնես, կարիերայիդ վերջը կգա:

-Ինքներդ Ձեր հանդեպ շատ խի՞ստ եք:

-Միշտ սխալներ գտնում եմ իմ արածի մեջ, երբեք վիդեով ինքս ինձ չեմ կարողանում նայել. այնքան սխալներ եմ տեսնում, ասում եմ՝ անջատե´ք, հեռու տարե´ք: Դա ինձ շատ է օգնում՝ իմ սխալները հեշտությամբ տեսնելու:

-Ժակլի´ն, պետք է ասեմ՝ Ձեր ֆիզիկական տվյալներն ինձ իսկապես զարմացրին, կասե՞ք՝ ինչքան է Ձեր քաշը, դրա համար էլ եք շատ ջանք գործադրո՞ւմ:

-Ո´չ, այստեղ խոսում է իմ ռուսական կողմը, թեթեւությունն ու ճկունությունն էլ է գալիս ռուսական կողմից: Դրանից է գալիս նաեւ այն, որ ես երբեք դիետաներ չեմ պահել, միայն մի շրջանում է դա եղել՝ դպրոցական տարիքում, հիմա էլ քաշս 40 կգ է, իսկ երբ սոված եմ լինում' ուտում եմ կապ չունի՝ ինչ ժամ է:

-Հիմա խոսենք Ձեր «մյուս կյանքից»՝ խոսքս Ձեր աղջկա մասինն է, ով մի անգամ նշել է՝ իր համար ավելի շատ ընկերուհի եք, քան մայր ինչպե՞ս եք հասել դրան:

-Ինքը մտերիմ ընկերուհի չունի. ես բոլորին փոխարինում եմ, մենք իրար պատմում ենք ամեն ինչ, միշտ միասին ենք, ճանապարհորդում ենք միասին եւ այդ ամենն էլ է մեզ շատ մտերմացնում, ի դեպ' նա իմ ամենամեծ քննադատն է:

-Ի՞նչ կանացի խորհուրդներ եք նրան տալիս:

-Խորհուրդներ չեմ տալիս. ինքն իր խելքն արդեն ունի, եթե սխալներ անի, իր կողքին կլինեմ, բայց իրեն ասում եմ՝ ինքդ քո արարքների համար պատասխան տուր:

-Կանացի երջանկություն ասվածը երեւի թե ոչ միայն զավակն է, այլ նաեւ սիրելի տղամարդու առկայությունը, կա՞ այդ տղամարդը Ձեր կողքին:

-Այո´, հիմա կա:

-Ինչ է տալիս Ձեզ այդ սերը:

-Դու սկսում ես նրանով ապրել, շնչել, մտածել նրա մասին ամեն վայրկյան. ահա այդպիսի մարդ պետք է լինի կողքիդ, եւ դա է սերը: Իմ ներաշխարհի հետ պետք է ներդաշնակ լինի տղամարդու ներաշխարհը. երբեմն մարդու հետ պետք է կարողանալ ուղղակի լռել եւ հասկանալ միմյանց լռության մեջ:

Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի