«Եվրատեսիլ 2013»-ի հաղթող երգչուհի Էմիլի դե Ֆորեստը կարծում է, որ պետք է հավատալ երազանքին և ձգտել իրականացնել այն, չնայած վախերին:

«Ես լրջորեն զբաղվել եմ երաժշտությամբ 14 տարեկանից: Հենց այդ տարիքում ես բազմիցս փորձում էի մասնակցել փառատոնների ու մրցույթների, սակայն գրեթե միշտ մերժվում էի: Այնպես որ, կարևորը՝ պետք է շարունակել հավատալ, շարունակել փորձել և ոչնչից չվախենալ: Երգչուհու՝ մրցույթից հետո կայացած մամուլի ասուլիսին հնչեցրած խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Երգչուհին նշել է, որ միչև վերջին պահը վստահ չի եղել իր հաղթանակին, չնայած այն բանին, որ բուքմեյքերները միանշանակ նրան առաջատար էին համարում:

«Իհարկե, ես շատ էի հավատում իմ երգին: Բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի «Եվրատեսիլին»: Քվեարկության ընթացքում ես բառիս բուն իմաստով մեռնում էի: Եվ երբ հայտարարեցին, որ ես հաղթել եմ, դա իսկական շոկ էր,-ասել է դե Ֆորեստը:-Այսօր ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ»:

Դե Ֆորեստի խոսքով՝ իր համար ամենալուրջ մրցակիցները եղել են Նորվեգիան, Ուկրաինան, Ադրբեջանն ու Շվեդիան: Դանիայի հաղթանակի մասին պարզ դարձավ մինչև բոլոր երկրների քվեարկելը: Էմիլիիի խոսքով՝ երբ իր թիմի անդամները հասկացել են, որ հաղթել են ու թափահարել են դրոշները, ինքը չի հասկացել, թե ինչ է կատարվում:

Էմիլի դե Ֆորեստը «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչում կատարեց Only Teardrops երգը: Մրցույթն անց էր կացվում Շվեդիայի Մալմո քաղաքում: Պրոֆեսիոնալ ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկությամբ Էմիլին դարձավ հաղթող՝ հավաքելով 281 միավոր:

Առավելագույն 12 միավոր Դանիան ստացավ 39 մասնակից երկրից 8-ից՝ Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Իտալիայից, Իսլանդիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Սլովենիայից և Մակեդոնիայից: 10-ական միավոր Էմիլիին տվեցին Շվեդիան, Նիդերլանդները, Հունգարիան, Բելգիան, Գերմանիան, Չերնոգորիան և Խորվաթիան: 8 միավոր տվեցին Խորվաթիան, Իսպանիան և Էստոնիան:

2-րդ տեղը զբաղեցրեց Ֆարիդ Մամեդովը՝ Ադրբեջանից՝ հավաքելով 234 միավոր, ուկրաինուհի Զլատա Օգնևիչն էլ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: 4-րդ տեղում հայտնվեց Նորվեգիան ներկայացնող Մարգարետ Բերգերը՝ 191 միավորով, 5-րդում՝ Ռուսաստանը ներկայցնող Դինա Գարիպովան:

Էմիլի դե Ֆորեստը ծնվել է 1993 թվականի փետրվարի 23-ին՝ Դանիայի Ռաններս քաղաքում: Երգչուհին երգ-երաժշտությամբ զբաղվել է 10 տարեկանից, իսկ 14-ում սկսել է համագործակցել շոտլանդացի երգիչ Ֆրեյզեր Նիլի հետ, ում հետ էլ նա մասնակցել է բազմաթիվ մրցույթների ու փառատոների: Ներկայումս Էմիլին ապրում է Կոպենհագենում:

2013-ին երգչուհին մասնակցել է Դանիայի Dansk Melodi Grand Prix 2013-ին, որտեղ էլ նրան ընտրել են որպես Եվատեսիլկ 2013-ի Դանիայի ներկայացուցիչ: Only Teardrops-ը, որը հաղթեց Եվչատեսիլում, երգչուհին գրել է ինքը: