«Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Sistem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը շնորհավորել է Dorians խմբին և Lonely Planet երգի հեղինակ Թոնի Այոմիին՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ անցնելու կապակցությամբ»- գրում է tert.am-ը։

Այդ մասին աշխարհահռչակ երաժիշտը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և հիշեցրել, որ Dorians-ին բացահայտել է այն ժամանակ, երբ Երևանում տեղի էր ունենում «Թումո» կենտրոնի բացման արարողությունը, որի ժամանակ ռոք խումբը ելույթ էր ունեցել։

Հիշեցնենք, որ Շվեդիայի Մալմո քաղաքում՝ Malmo Arena-ում, մայիսի 16-ին կայացել էր «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող մեր մասնակից Dorians խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ, դուրս էր եկել եզրափակիչ։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր։

Խումբը «Եվրատեսիլ 2013»-ին մասնակցում է Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի Lonely Planet երգով: