Մայիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կներդրվի Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցը ջեռուցման համակարգով ապահովելու համար:
Համերգին մասնակցում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ բրիտանացի ջութակահար Ռաֆալ Զամբրզիսկի-Պեյնը: Համերգը կղեկավարի բրիտանացի հայտնի դիրիժոր Թոմաս Քարոլը: Համերգը կազմակերպել են «Ար-Փի Մյուզիքլ Մենեջմենթը» եւ ՀՊԵՆ-ը, իսկ աջակցում են ՀՀ -ում Միացյալ Թագավորության դեսպանատունը եւ «Թեքեյան» մշակութային կենտրոնը:
Լրագրողների հետ զրույցում Քարոլը նշեց, որ Հայաստանում իրենց ազատ են զգում, եւ քանի որ եղանակն էլ այս օրերին մի քիչ անգլիական է, կարծես տանը լինեն: Մաեստրոն արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան. նախկինում համերգներ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի հետ:
«Վստահ եմ, որ գումարը կծառայի իր նպատակին, եւ մենք իսկապես կկարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը»,- ասաց Քարոլը:
Նա վստահեցնում է, որ իր համար շատ հետաքրքիր են հայկական մշակույթն ու պատմությունը: Թեեւ բրիտանացի երաժիշտները դեռ փորձ չեն արել երիտասարդական նվագախմբի հետ, սակայն Քարոլը վստահ է, որ համերգը հիանալի է անցնելու, քանի որ նվագախմբի մասին միայն դրական կարծիքներ է լսել. «Մենք գիտենք, թե ինչ տաղանդավոր երաժիշտներ են նվագում այնտեղ, այնպես որ' մեր սպասելիքները մեծ են»:
Ջութակահար Ռաֆալ Զամբրզիսկի-Պեյնն էլ նշեց, որ վստահ է' համերգն անցնելու է լեփ-լեցուն դահլիճում, իսկ այն, որ աննախադեպ է լինելու, նույնպես սպասելի է:
«Զարմանալի է, որ այսքան փոքր երկիր է, բայց այսքան տաղանդավոր մարդիկ ունի: Ես գիտեմ Ալեքսանդր Հարությունյանին, Միրզոյանին, Խաչատրյանին: Հայկական մշակույթն աշխարհում ներկայացնելու կարիք չկա: Իսկ ահա Խաչատրյանը… Նրան բոլորն են ճանաչում եւ սիրով կատարում նրա գործերը»,- ասաց երաժիշտը:
Ջորջ Բայրոնի դպրոցը բրիտանացիների նվերն է Գյումրիին. 1990-ականներին այն բացվել է Մարգարետ Թետչերի կողմից:
Ի դեպ, բրիտանական դեսպանատունն իր կողմից նույնպես աջակցություն կցուցաբերի դպրոցի ջեռուցման հարցը լուծելու գործին: