Դերասան Գրիգոր Խաչատրյանը Cosmopolitan-ի հետ հարցազրույցում երբեմն հակիրճ, սակայն խորը և դիպուկ կարողացավ ներկայացնել կին-տղամարդ հարաբերությունները, գենդերային խնդիրները Հայաստանում և համբույրի խիստ կարևոր նշանակությունը վիճաբանությունների ժամանակ...

Զրուցեց Գայանե Ասրյանը

Լուսանկարը ըստ Դավիթ Գալստյանի

-Կին և տղամարդ հարաբերություններում ինչպե՞ս եք պատկերացնում դերերի բաշխումը, ազատությունների սահմանները, որոշումների կայացման մեխանիզմը։

Ինչ վերաբերում է դերերի բաշխմանը, այդ հարցում լիովին վստահում եմ բնության կողմից սահմանված օրենքներին և կարծում եմ, որ մարդը բավականին անկատար է, որպեսզի խառնվի այդ օրենքներին: Համենայն դեպս, այդ օրենքներին միջամտելը երբեք խելքը գլխին որոշման չի հանգեցրել: Իսկ եթե հարաբերություններում գերիշխում է սերը, ուրեմն կա նաև վստահություն, այդ իսկ պատճառով ազատությունների մասին, կարծում եմ, չի էլ խոսվում: Որոշումների կայացման հարցում էլ վարվում եմ այնպես, ինչպես վարվում էր հայրս. «Մենք քննարկեցինք և ես որոշեցի...»:

-Պատրա՞ստ եք թույլ տալ Ձեր կողքի կնոջը մի արարք, որը կարող է հասարակության կողմից «խիստ» անընդունելի համարվել։ Կանկեղծանա՞ք, թե մոտավորապես որ արարքը դա կարող է լինել։

- Հայ հասարակությունում կան բազում, այսպես կոչված, «անընդունելի արարքներ» (սկսած կարճ շրջազգեստ հագնելուց մինչև մինչամուսնական սեռական հարաբերություններ), որը մեզ մոտ անընդունելի է, բայց Հայաստանի սահմաններից դուրս, լրիվ ընկալելի: Ավելի կոնկրետ կարող եմ պատասխանել տվյալ հարցին, երբ քննարկեմ կոնկրետ մի արարքի օրինակ, քանի որ յուրաքանչյուր արարք, իր էությամբ եզակի է:

- Գենդերային անհավասարության դրսևորումների մասին այսօր շատ է խոսվում, ի՞նչ եք կարծում՝ այդ դրսևորումների քանակն է ավելացել, թե հասարակության վերաբերմունքն է փոխվել, սկսել են բարձրաձայնել խնդրի մասին։

- Ավելի շուտ սկսել են բարձրաձայնել, որովհետև, իմ կարծիքով, մեր հասարակությունում այդ բնագավառում կան բավականին շատ խնդիրներ, որոնց լուծումը, եթե չասեմ ընհանրապես, ապա շատ դանդաղ է ընթանում:

- Կարո՞ղ եք ներկայացնել գենդերային անհավասարության մի օրինակ, որը միայն հայ հասարակությունում է հանդիպում։

- Երբ ամուսնացած տղամարդն առանց իր կնոջ է հյուր գնում:

- Բռնությունների, գենդերային անհավասարությունների դեմ պայքարելու ի՞նչ արդյունավետ լուծումներ կառաջարկեք։

- ԶԼՄ գոտիների, հասարակական կազմակերպությունների աշխատանքի միջոցով:

- Երբեմն գենդերային հավասարությունը նույնացվում է ապրելակերպի նոր մշակույթի հետ, համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, ի՞նչ պետք է փոխվի հայի մտածելակերպի մեջ, որպեսզի գենդարային հավասարության պայմաններում ապրելը դառնա ճիշտ մոդել։

- Կարծում եմ՝ միայն փոխադարձ հարգանքի միջոցով:

- Տղամարդը կնոջ վրա զայրութը հաճախ արտահայտում է կոպիտ վերաբերմունքի և ծեծի միջոցով։ Ինչպե՞ս եք Դուք արտահայտում ձեր վերաբերմունքը նման դեպքերում, հնարավո՞ր է պարզապես համբույրով հարթեք իրավիճակը։

- Եթե ցանկանում եմ հարթել իրավիճակը, ապա համաձայն եմ, համբույրը բավականին արդյունավետ քայլ է: Ընդհանրապես, բավականին պարադոքսալ բնավորություն ունեմ. երկու ժամ շարունակ կարող եմ վիճել բավականին էմոցիոնալ տոնայնությամբ, բայց երկու րոպե հետո լրիվ մոռանալ, ասես ոչինչ չի եղել...