Ժամանակին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը» կայանում էր ամեն տարեվերջին և ամփոփում էր տվյալ տարվա երաժշտական իրադարձությունները: Ամենաքննարկվող և քննադատվող այս մրցանակաբաշխությանը ժամանակին մեծ նշանակություն էր տրվում: Հանրային հեռուստաընկերությունը մրցանակաբաշխությանն ընդառաջ ունենում էր հատուկ թողարկումներ, որոնց շրջանակներում հյուրընկալում էր անվանակարգերում նոմինացված երգիչ-երգչուհիներին:
Ժամանակի հետ «խախտվեցին» մրցանակաբաշխության ժամկետները: Նախ այն անցկացվեց փետրվար-մարտ ամիսներին, իսկ նախորդ տարի՝ ապրիլին: Այս տարի ապրիլն էլ անցավ ու դեռ ոչ մի լուր չկա մրցանակաբաշխության կայանալ-չկայանալու վերաբերյալ:
esyes.am-ի ընթերցողներն էլ պարբերաբար մեզ խնդրում են ճշտել՝ ինչու՞ այս տարի չեղավ «Ազգային երաժշտական մրցանակաշխություն»: Լուրը ճշտելու համար զրուցեցինք Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ: Վերջինս ասաց, որ մրցանակաբաշխութունն անպայման կայանալու է, սակայն ժամկետները հստակ նշել առայժմ չի կարող. «Այժմ ծրագրվում և ոոշվում է անցկացման ձևն ու ժամանակը. ամեն ինչ բուռն քննարկման փուլում է: Ես սիրում եմ հստակ խոսել, այդ իսկ պատճառով այժմ հստակ ժամկետ նշել չեմ կարող»: Այնուամենայնիվ, Գրիգորից տեղեկացանք, որ առավել հստակ ինֆորմացիա կկարաղանա տրամադրել հունիսի 10-ից հետո:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք ուշացումը ենթադրում է, որ այս տարի մրցանակաբաշխությկունն ավելի բարձր որակով կկազմակերպվի, Գրիգորն ասաց. «Բնականաբար փորձելու ենք ավելի լավ կազմակերպել և անցկացնել, սակայն պետք է գործն անելուց հետո խոսել այդ մասին: Այժմ չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել: Երբ ամեն ինչ հստականա, կխոսենք այդ մասին»:
Գրիգոր Նազարյանի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ ինչ-ինչ փոփոխություններ լինեն, սակայն դրանք գլոբալ չեն լինի:
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Լուրը ճշտեց Ամալյա Հովհաննիսյանը