Ապրիլի 29-ին՝ Պարարավեստի միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության կողմից Նարինե Միրզոյանը Գրիգոր Նարեկացու անվան շքանշանի արժանացավ՝ հայկական ժողովրդական պարի զարգացման և տարածման գործում նշանակալի ավանդ ունենալու համար:
Շքանշանը ստանաու պահը հիշելիս՝ Նարինեն խոստովանում է.«Այդքան պարարվեստի գործիչներ կային՝ դասատուներ, պարողներ, մտքովս չէր անցնում, որ սեղանին դրված երկու շքանշաններից մեկը հենց իմը կլինի: Բայց, միևնույն է, շատ հաճելի է, երբ այդքան տարիների աշխատանքը գնահատվում է պետականորեն»:
Նարինեն ավելի քան 15 տարի է, ինչ նվիրվել է մարմնի շարժման գեղագիտական արվեստին, աշխատանքային տարիների ընթացքում բարալիկ ու փխրուն աղջիկը Պաշտպանության նախարարության երգի ու պարի համույթում աշխատելու ընթացքում հասցրել է նույնիսկ սերժանտի կոչում ստանալ:
Ճանապարհը դեպի պար տարօրինակ է սկսվել. որքան էլ վստահ է եղել, որ պարն է իր ուղին, շատերը խորհուրդ են տվել չգնալ այդ ուղով. «Բայց, զգացի, որ առանց պարի չեմ կարող, մանավանդ առանց ժողովրդական, հայկական պարի: Երբ հեռուստատեսությամբ հայկական պար էի տեսնում, անկեղծ եմ ասում, արցունքներս հոսում էին»,-անկեղծանում է պարուհին ու շարունակում պատմել, թե ինչպես 16 տարեկանում որոշում կայացրեց և քույրիկի՝ Լիլիթի օգնությամբ , ով այդ ժամանակ պրոֆեսիոնալ պարով էր զբաղվում, ընդունվեց «Գեղարդ» անսամբլ՝ ժողովրդական արտիստ Ալբերտ Կիզիրյանի մոտ, որտեղ պարում է մինչ այսօր:
Ընթացքում աշխատեց հրեական համայնքում, Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայում, հետո Լիբանանի հայ համայնքի Դեմիրճյան կենտրոնից հրավերք ստացավ՝ հայ երեխաների հետ աշխատելու համար:
Պարարվեստի հորձանուտում հայտնված հաջողակ աղջկա մասին խոսում էին շատերը, մարմնի ամեն մի մկանը զգացող, հայ պարի քնքշանքը վերապրող Նարինեն, սակայն, չբավարարվեց իր ձեռքբերումներով՝ շարունակեց դասական պար ուսումնասիրել, ապա ընդունվեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ՝ պարարվեստի ռեժիսուրայի բաժին:
Ներկայումս Նարինեն Երևանի կամերային երաժշտական թատրոնի բալետմեյստերն է. «Բացի թատրոնի աշխատանքից, նաև դասավանդում եմ, ունեմ իմ պարային ստուդիան ՝ «Պա» ստուդիա անվանբ: Հիմա ավելի շատ ժամանակս տրամադրում եմ դասավանդելուն և ավելի քիչ եմ պարում: Շատ մեծ պատասխանատվություն է դասավանդումը: Պետք է հավաքված և տրամադրված լինել: Եթե աշխատանքիդ ամբողջությամբ չես տրվելու, ավելի լավ է չանես»:
Սաների կողմից շատ սիրված, մեղմ ու ուշադիր ուսուցչուհին հիշում է, որ տարիներ առաջ, երբ սկսել էր դասավանդել, զգացել էր, որ նյարդերը չեն դիմանում. «Այն ժամանակ թողեցի դասավանդելը: Ինձ թվում էր՝ թողնում եմ ընդմիշտ: Սակայն 4-5 տարի ընդմիջումից հետ զգացի, որ արդեն ժամանակն է: Այսինքն՝ դրա համար էլ պետք է աճել, հասունանալ, լավ սերունդ կրթելու մեծ ցանկություն ունենալ»:
Ապագայի մասին մտածելիս, Նարինեն երազում է իրականություն դարձնել մտքում բեմադրած պարային ներկայացումները, այն էլ սեփական պարային թատրոնի բեմում. «Թատրոն, որտեղ միայն պարային ներկայացումներ կբեմադրվեն»: Նաև երազում է Ավստրիայում վերապատրաստում անցնել. «Առաջնայինն ինձ համար հայկական ժողովրդական պարն է, բայց, որպես մասնագետ, շատ հետաքրքիր է ծանոթանալ աշխարհի պարային նորություններին, որոնք պետք է աչքովդ տեսնես, շոշափես, այլ ոչ միայն ինտերնետով նայես»: