Հայաստանում յոգայով զբաղվում են անկախ տարիքից՝ հիմնականում 18 տարեկանից բարձր, մինչև 70 տարեկան մարդիկ, բայց, որպես կանոն, հասարակության առավել ինտելեկտուալ շերտերը, Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի յոգայի ֆեդերացիան գործում է արդեն 3 տարի, ունի շուրջ 600-ից ավելի անդամ և Միջազգային յոգայի ֆեդերացիայի լիիրավ անդամ է:
«Քաղաքական գործիչներ ևս կան, եղել են, բայց ավելի ակտիվ են այն մարդիկ, ովքեր կապ ունեն ստեղծագործական աշխատանքի հետ, արվեստի, բժշկության հոգեբանության»,-ասաց Հակոբ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցի, թե Հայաստանում հասարակության ո՞ր հատվածներն ու տարիքային խմբերն են ընդգրկված Յոգայի ֆեդերացիայում և արդյոք նրանց թվում կա՞ն նաև քաղաքական գործիչներ:
Շատերն ինքնաբուժության կամ այլ նպատակներով համացանցի միջոցով փորձում են զբաղվել յոգայի տեխնիկաների յուրացմամբ՝ կատարելով միայն շնչառական վարժություններ, սովաբուժություն, տարբեր օրգան-համակարգերի մաքրում և այլն: Ի պատասխան հարցի, թե սա կարելի՞ է անել ինքնուրույն, համացանցում տեղադրված տեսանյութերի միջոցով և վնասակա՞ր է, թե՞ արդյունավետ, Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահն ասաց. «Բազմիցս լսել եմ՝ «շնչառական յոգա», բայց ասեմ, որ միայն շնչառական յոգա, որպես այդպիսին, գոյություն չունի: Պրանայամաները կամ շնչառական վարժությունները յոգայի դասի մի մասն են կազմում և միայն շնչառական վարժություններ կատարելը չի համարվում յոգա»:
Հակոբ Բաղդասարյանն այս դեպքում տեղին է համարում մեջբերել յոգայի հիմնադիր Պատանջալի հայտնի խոսքերը՝ որ մարմինը թթվածնով հարստացնելուց հետո պիտի անցում կատարել յոգայի մյուս փուլերին, իսկ նախքան շնչառական վարժությունները կան ևս 3 փուլեր:
Այսինքն՝ բոլոր այդ փուլերը պետք է լինեն բալանսավորված: Հակառակ դեպքում, ըստ Հակոբ Բաղդասարյանի, յոգան վնաս կհասցնի զբաղվողին:
«Այսօր համացանցերում ներկայացված են յոգայի հարյուրավոր տեսակներ, տեղադրված են շատ տեսանյութեր՝ իրենց հարյուրավոր սխալներով. թերություններով և առավելություններով հանդերձ: Սկսնակի համար դա կնմանվի խառնաշփոթի: Շատ կարևոր է, թե նա ի՞նչ ուղղություն է ընտրել, ի՞նչ ուսուցիչ է ընտրել: Յոգան մի ամբողջ աշխարհ է, որի մեջ կա թե՛ փիլիսոփայություն, թե՛ հոգեբանություն, թե՛ մարմնամարզական վարժանքներ, թե՛ առողջ սնունդ: Չկա հարց, որի պատասխանը չլինի յոգայի շրջանակներում: Յոգան մի զարմանահրաշ ֆենոմեն է, որն օգնում է բացահայտել իրական աշխարհը պատրանքներից»,-ասաց յոգը:
Ի պատասխան հարցի, թե քանի որ յոգան առաջին հերթին աշխարհայացք է, ապրելակերպ և ըստ հիմնական ընկալումների՝ նաև կրոնական ուղղություն և, հետևաբար, դրա հետևորդներն ունե՞ն այդ համալիր մտածողությունը և կրոնական ինչ-ինչ հայացքներ, Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահն ասաց. «Յոգան դուրս է կրոնների դասակարգումներից, չի պատկանում ոչ մի կրոնի, չունի ոչ մի կրոնական պիտակավորում: Յոգայի փիլիսոփայության հիմքում սերն է և ազատությունը: Յոգայում չկա ոչ մի տեսակի կաշկանդվածություն, չկան վախեր, չկա չար, չկա սատանա: Քանի որ եթե Դուք անմիջապես Աստծուն եք որոնում, ապա նա կդառնա Ձեր երևակայությունը: Դա հինդուիստական աստված կլինի կամ մուսուլմանական, կամ քրիստոնեական: Այդպիսի աստվածն իրական Աստված չի լինի: Սիրո միջոցո՛վ որոնենք, քանի որ սերը քրիստոնեական, հինդուիստական, մուսուլմանական չի լինում: Սերը պարզապես սեր է, առանց ամեն տեսակի ածականների»:
Ավելին՝ Հակոբ Բաղդասարյանն ասում է, որ յոգան մեր մոռացված հինն է, և որ այն եղել է հին հայկական մշակույթում, քանի որ չակրաների՝ էներգետիկ դաշտերի մասին կան նաև հայագիտական աղբյուրներում, այդ թվում՝ Մատենադարանում պահվող:
Ամբողջ աշխարհում Արևելքը ժամանակ առ ժամանակ դառնում է նորաձև: Կարելի՞ է ասել , որ մեզ մոտ՝ Հայաստանում այն ևս մոդայիկ է: Հակոբ Բաղդասարյանի պատասխանից դատելով՝ նա շատ կցանկանար, որ այդպես լիներ, բայց այդպես չէ. «Այսօր ողջ աշխարհում է յոգան մեծ քայլերով առաջ գնում, նույնիսկ ճանաչված բուհերում յոգան և մեդիտացիան դարձել են պարտադիր ծրագիր և միլիոնավոր մարդիկ զբաղվում են դրանով: Ես շատ կցանկանայի, որ մեզ մոտ էլ տենց լիներ»:
Հայաստանի ֆեդերացիայի նախագահն ավելացրեց, որ բազմիցս առաջարկել է պատկան մարմիններին՝ ամենատարբեր մակարդակներում, որպեսզի օգնեն ֆեդերացիային յոգայի տարածման և պրոպագանդման հարցում, բայց իր առաջարկներին որևէ ընդառաջ քայլ չի արվել: