Իսպանացի վիրաբույժները բարեհաջող իրականացրել են դեռևս չծնված երեխայի՝ աշխարհում առաջին վիրահատությունը, նա եղել է 21 շաբաթական և գտնվել է մայրական արգանդում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, վիրահատությունն իրականացվել է մեկուկես տարի առաջ, իսկ երեխան արդեն լույս աշխարհ է եկել և 10 ամսական է։ Պարզապես բժիշկներն ու ծնողները ցանկացել են այդ մասին հրապարակայնորեն ասել միայն այժմ, երբ փոքրիկի կյանքին այլևս որևէ վտանգ չի սպառնում։
Փոքրիկը՝ Գոնզալո Պարդո Սանչեսը, տառապել է մահացու վտանգավոր հիվանդությամբ, որի դեպքում թոքերը դժվարանում են նորմալ գործել, ինչն իր հերթին վնասում է սրտի բնականոն աշխատանքին։ Վիրահատությունը չանելու դեպքում պտուղը կմահանար։
Սկզբում մասնագետները խորհուրդ են տվել ապագա ծնողներին դիմել արհեստական վիժեցման տարբերակին, սակայն նրանք հրաժարվել են։ Լսելով, որ Բարսելոնայի հիվանդանոցներից մեկի բուժանձնակազմն իրականացրել է նման 3 վիրահատություն, սակայն ոչ հաջող ելքով, ծնողները որոշել են օգտագործել նույնիսկ չնչին հնարավորությունը՝ երեխայի փրկության համար։
3 վիրաբույժների մասնակցությամբ վիրահատությունը տևել է 22 րոպե և, ի տարբերություն նախորդ 3 դեպքերի, պսակվել է հաջողությամբ։ Այժմ Գոնզալոն որևէ խնդիր չունի սրտի և թոքերի հետ։