Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը լցվել է հարյուր հազարավոր բազմագույն լապտերներով, քանի որ բնակչությունը պատրաստվում է նշել Բուդդայի ծննդյան տոնը։ Այս կապակցությամբ բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացարել է տոնակատարության նախապատրաստական աշխատանքներից ամենաուշագրավ պահերը։
Թեև Բուդդայի ծննդյան հստակ տարեթիվը հայտնի չէ, այնուհանդերձ մասնագետները գտնում են, որ նա ծնվել է 25 դար առաջ, և Կորեայում նրա ծննդյան տոնն ավանդաբար նշվում է մայիսի առաջին լիալուսնի օրը։
Լեգենդի համաձայն, Բուդդան ծնվել է հնդկական արքայական ընտանիքում՝ այժմյան Նեպալի տարածքում։ Նրա մայրը՝ թագուհի Մայան, հղիանալուց հետո ճանապարհ է ընկել դեպի հայրական տուն, որպեսզի ավանդույթի համաձայն այնտեղ լույս աշխարհ բերի իր երեխային, սակայն Բուդդան ծնվել է ճանապարհին՝ ծառի տակ։
Ասիական երկրներում այս տոնը նշվում է բազմաթիվ շքերթներով ու երթերով, որոնք ուղեկցում են սպիտակ լոտուսներով զարդարված փղերը։ Իսկ մանուկ Բուդդայի փոքր արձանիկները տեղադրվում են գրեթե ամենուր ու լվացվում քաղցր թեյով։ Լոտուսի տեսքով լապտերը բուդդիստական ուսմունքի մեջ խորհրդանշում է կրոնական նվիրվածությունն ու բարի կամքը։