Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը պատրաստում է նոր մոնոներկայացում' «Բարև» պիեսի հիման վրա: Պիեսի հեղինակը հենց ինքը' դերասանուհին է, իսկ ներկայացման բեմադրիչ-ռեժիսորը պարարվեստի ռեժիսոր Ռուբեն Մուրադյանն է: Ներկայացման պրեմիերան նախատեսվում է անել մարտ ամսին, Թատերական գործիչների միությունում: Իսկ թե ինչ է պիեսի հեղինակի համար սերը, և ինչո՞ւ որոշեց նա ասել «Բարև», պարզ դարձավ նրա հետ ունեցած զրույցից:
Ինչի՞ մասին է պիեսը
-Ներկայացումը կանացի երջանկությունը կորցրած դերասանուհու մասին է, որին լքել է սիրած տղամարդը: Սա հուզական կոմեդիա է, որտեղ կանացի երջանկությունը կորցրած դերասանուհին կորցնում է նաև աշխատանքը. ի վերջո' ճակատագրական մի օր նա որոշում է հրաժեշտ տալ իր կյանք-տանջանքին:
Իսկ ի՞նչն է առիթ հանդիսացել, որ կյանքի կոչեք այդ մոնոներկայացումը
-Յուրաքանչյուր ստեղծագործության համար խթան է պետք. տեսնելով ինձ, ինձ շրջապատող շատ միայնակ կանանց և միայնակ դերասանուհիների' որոշեցի բարձրաձայնել և խոսել միայնակ կնոջ ու նրա խնդիրների մասին... Ներկայացման հետաքրքիրն ու բացառիկն այն է, որ այն բեմադրել է ոչ թե դրամատիկ թատրոնի ռեժիսոր, այլ Ալ. Սպենդարիանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի առաջատար պարող Ռուբեն Մուրադյանը: Կարծում եմ' թատրոնի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ դրամատիկ ներկայացումը բեմադրում է պարարվեստի ռեժիսորը:
Ներկայացումը պարային է, կասեք, թե ինչ ոճի պարեր են լինելու
-Այո՛, պարային է: Հիմնականում լինելու են դասական էլեմենտներով հարուստ պարեր: Ռուբեն Մուրադյանը հաստատ չէր դիմի նորօրյա անհասկանալի պարային շարժումներին, քանզի նա դասական պարերի մեծ ջատագով է և հիանալի կատարող:
Միայնակ կնոջ, իր կարիերայի ու խնդիրների մասին է «Բարև»-ը, արդյոք այն ինչ-որ լուծում առաջարկում է հանդիսատեսին:
-Ո՛չ, ոչ մի լուծում չեմ առաջարկում, ամբողջ ներկայացման ընթացքում կինը սպասում է տաքսիին, որը իրեն պիտի տանի այն վայրը, ուր նա ինքնասպան կլինի ու իր մահը կհասարակայնացնի, որպեսզի լրագրողները գրեն իր մասին, քանզի մեկ տարի է նա մոռացված աստղ է, լքված կին: Բայց կարևորն այն է, որ ներկայացումն ավարտվում է հույսով: Վերադառնում է կնոջ սիրելին, և կինը նորից վերագտնում է իր ապրելու իմաստը: Ներկայացման վերնագիրը որոշեցի «Բարև» անվանել' այսինքն նոր կյանքի սկիզբ... Այսինքն' ես ուզում եմ ասել, որ եթե սպասենք, ապա կգա երջանկությունը, յուրաքանչյուր կին ունի իր բաժին երջանկությունը:
Իսկ ներկայացման հերոսուհին որևէ ընդհանրություն ունի Անահիտ Մութաֆյանի հետ
-Այստեղ կա նաև իմ եսը, կան իմ խնդիրները, մտածմունքներն ու զգացմունքները: Ասեմ, որ կերպարն անուն չունի, չեմ ցանկացել ինչ որ անուն դնել, եթե անուն լիներ, կլիներ Անահիտ Մութաֆյան:
Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի հանդիսատեսի արձագանքը
-Ես հավատում եմ այս ներկայացման հաջողությանը, քանզի իմ խաղացած յուրաքանչյուր դեր համարում եմ իմ հերթական զավակը, այստեղ իմ երկու զավակների ծնունդն է, ու ես հավատում եմ, որ հաջող կլինի նրանց ծնունդը, քանզի այն երեխաները, որոնք ծնվում են մեծ սիրո մեջ, նրանք հաջող ու լավն են լինում: Այս գործի մեջ ես մեծ սեր եմ դրել, դրել եմ իմ սպասումներն ու իմ չիրականացած երազները:
Ներկայացման մեջ խոսվում է սիրո մասին, որը կործանարա՞ր է
-Այո՛, մեծ սիրո մասին է խոսվում, ու հիմնականում հերոսուհու ինքնասպանության փորձի պատճառը դառնում է հենց այդ սիրո կորուստը: Բայց վերջում գալիս է իր մեծ սերը, ու կինն ապրել է ուզում հանուն այդ մեծ սիրո:
Իսկ Դուք ունե՞ք սիրո Ձեր բանաձևը
-Սերը հոգու թռիչքն է, իսկ սիրո իմ բանաձևը այնքան էլ բարդ չէ. դա նրա աչքերն են, որոնք փայլում են քեզ տեսնելիս, ու քո աչքերը, որոնք փայլում են, երբ նա քո կողքին է....
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն ասել է. «Սերը կեղծիք է, եթե չունես փախչելու ճանապարհ»,- համամի՞տ եք:
-Իհարկե ո՛չ. յուրաքանչյուր մարդ յուրովի է ընդունում սեր հասկացողությունը, եթե փորձես փախչել սիրուց, կնշանակի, որ փախչում ես հոգուցդ:
Երբևէ «հայտնվե՞լ եք» դատարկության մեջ
-Այո՛, իհարկե, երբ Նա իմ կողքին չէ, ես դատարկություն եմ զգում:
Համամի՞տ եք, որ եթե ինչ-որ բանում կանայք էլ են ներգրավված, ապա ամեն ինչ լավ է լինելու
-Իհարկե, համամիտ եմ, չէ՞ որ կինը ծնում է և կինն աշխարհի սկիզբն է ու վերջը: Կինը, ինչպես կասեր իմ լավ բարեկամը, կինը վեհություն է, որին պետք է լսել ու հնազանդվել:
Զրուցեց՝ Մարգարիտա Պետրոսյան