Բրազիլիայում 28-ամյա երիտասարդ կինը հրաշքով կենդանի է մնացել այն բանից հետո, երբ ձկնորսական կարթի ձողը խրվել է նրա գլուխը. տեղեկացնում է Der Spiegel գերմանական պարբերականը:
Կնոջը վիրահատող բժիշկը 2 ժամ տևած վիրահատությունից հետո նշում է. «Կարող ենք ասել, որ նա երկրորդ անգամ է լույս աշխարհ եկել»:
Կարթաձողը խրվել էր կնոջ գլուխը, երբ նրա ամուսինը ձկնորսության գնալուց առաջ որոշել էր մաքրել այն: Ձողը պատռել էր կնոջ կոկորդը, փշրել 2 սեղանատամները և խրված մնացել պարանոցային առաջին ողի մեջ:
Վիրաբույժը նշում է, որ եթե հարվածը հասցվեր մի քանի միլիմետր շեղությամբ, ապա կինը ցմահ անդամալույծ կլիներ, եթե, իհարկե, առհասարակ ողջ մնար, քանի որ այդ շրջանում շատ են զարկերակային անոթները:
Բժիշկները կարծում են, որ կինը լիովին առողջ է: Նա արդեն կարողանում է նորմալ սնունդ ընդունել, չնայած որ դեռևս չի խոսում և մտքերը գրավոր կերպով է արտահայտում:
Ոստիկանությունը հայտարարել է, որ դա դժբախտ պատահար է եղել, և իրենք չեն կարծում, որ ամուսինը ցանկացել է սպանել իր կնոջը: Ամեն դեպքում, կինը գիտակցության մեջ է, և նրա հետ զրուցելուց հետո պատկերն ավելի պարզ կդառնա. նշել են ոստիկանությունում: