Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ ռուսական Adme.ru կայքը ներկայացրել է այդ շրջանի ամենաուշագրավ լուսանկարները, որոնք ամենից լավ են պատմում այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի մասին։

«Այսօր թեև դժվար է պատկերացնել, սակայն 68 տարի առաջ մայիս ամիսը դարձավ ԽՍՀՄ-ի պատմության մեջ ամենաերջանիկներից մեկը։ Ավարտվեց պատերազմը՝ դրա հետ նաև ռմբակոծությունները, առավոտյան չարթնանալու վախը, փամփուշտների սուլոցը, շչակների «ոռնոցը»»,-գրում է կայքը։

Երկար սպասված հաղթանակը տեսնելու բերկրանքը վիճակված էր քչերին. միլիոնավոր մարդիկ այդպես էլ չտեսան այդքան սպասված մայիսը։ Հայրենական Մեծ պատերազմի մասին մենք գիտենք պատմության դասագրքերից, պապիկ-տատիկների պատմություններից և անվախ ֆոտոլրագրողների կողմից արված լուսանկարներից։

Հայրենական Մեծ պատերազմի լուսանկարներից յուրաքանչյուրը գլուխգործոց կարելի է համարել միայն այն պատճառով, որ այն արվել է անհավանական պայմաններում։ Խորհրդային զինվորների քաջության մասին շատ բառեր են ասվել, հարյուրավոր երգեր երգվել, գրում է Adme.ru-ն՝ համապատասխան մեկնաբանություններով ներկայացնելով ֆոտոշարքը։