Երկնաքարային անձրև, մոլորակների շքերթ և երկու խավարում՝ արևի և լուսնի. այս ամենը կարող են այս ամսվա ընթացքում տեսնել Երկրի բնակիչները, գրում է segodnya.ua-ն՝ հղում անելով Չինական աստղագիտական միությանը։
«Մեզ սպասվում է 4 աստղագիտական երևույթ՝ երկնաքարային հոսք, արեգակի օղակաձև խավարում, լուսնի կիսաստվերային խավարում և երեք մոլորակների շքերթ»,- նշել են գիտնականները։
Մասնավորապես՝ մայիսի 6-ին տեղի կունենա երկնաքարային անձրև. ընկնող աստղերի թիվը կարող է հասնել ժամում 40 հատի, նշել է Չինական աստղագիտական միության անդամ Շի Չժիչենը։
Լավ եղանակային պայմանների դեպքում այդ ռոմանտիկ տեսարանը կարելի կլինի տեսնել լույս մայիսի 7-ին՝ մինչև լուսաբաց։
Մայիսի 10-ին աստղագետներն ակնկալում են արևի օղակաձև խավարում։ Հաջորդ երևույթը կլինի լուսնի կիսաստվերային խավարումը, որը տեղի կունենա մայիսի 25-ին։
Իսկ ահա մայիսի 27-ին շքերթի դուրս կգան Մերկուրին, Վեներան և Յուպիտերը, որոնք մայրամուտից հետո փոքրիկ եռանկյուն կկազմեն։ Եթե եղանակը պարզ լինի, ապա մոլորակների եռյակը խոստանում է լինել ամենագեղեցիկ երևույթը։