Ձեզ ենք ներկայացնում Ա. Մակարյանի «Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը» (կարդացե՛ք նաև' «Երվանդ Օտյանը Հնդկաստանում», «Խմբագրապետության աշխատանք' օրական երկու աման ճաշի փոխարեն. Երվանդ Օտյան», «Երվանդ Օտյանը Նուբար փաշայի եգիպտական կալվածքներից մեկում' օձերի ու կարիճների հարևանությամբ») գրքից մեկ փոքրիկ դրվագ:

Օտյանի այս շրջանի հրապարակախոսական գործունեության մեջ մեծ տեղ են գրավում հատկապես արտաքին քաղաքականության և Թուրքիային վերաբերող նյութերը: Կարելի է ասել միջազգային կյանքում տեղի ունեցած ոչ մի կարևոր իրադարձություն չի վրիպել Օտյանի ուշադրությունից, մանավանդ, եթե այդ իրադարձությունը որևէ ձևով կապ է ունեցել հայ ժողովրդի շահերի ու ձգտումների հետ:

Նա դառն հեգնանքով ծաղրել է եվրոպական մեծ տերությունների ու Ամերիկայի դիվանագիտական նոր խաղերը, մերկարցրել է գաղութային ճնշումը, նոր պատերազմի պատրաստությունները և շարունակել է պաշտպանել ճնշված ժողովուրդների իրավունքներն ու շահերը, խաղաղության գործը:

1924 թվականի հոկտեմբերին Ժնևում տեղի ունեցավ Ազգերի լիգայի հինգերորդ համաժողովը, որը քննության առավ զինաթափման ու կայուն խաղաղության հարցը: Դեռ այն ժամանակ այդ առթիվ գրած հոդվածում Օտյանը մերկացնում էր Ազգերի լիգայի անգործնականությունը: Այնտեղ շատ լավ, շատ պերճախոս ճառեր էին արտասանվում, որոնք, սակայն, ոչ մի օգուտ չէին տալիս ժողովուրդներին: «Գեղեցիկ ճառեր շատ խոսվեցան հոն, և ասկե ետքն ալ պիտի խոսվին անշուշտ, - գրում է Օտյանը համաժողովի բացման առթիվ: - Սըր Մակտոնալտի և պ. Հեռիոյի ճառերը մեյ-մեկ թանկագին գոհարներ են պերճախոսության …» : Իսկ ինչի՞ մասին ասեք, որ նրանք չէին ճառում: «Իրավարարության, զինաթափման, մշտնջենավոր խաղաղության, փոքր ազգություններու պաշտպանության, փոխադարձ վստահության, անիրավ հարձակումների դեմ ապահովության, բոլոր այս բառերը մագիստրական շեշտերով ու մոգական բառերով ներկայացվեցան ժողովին Անգլիո և Ֆրանսիայի նախարարապետներու կողմե»:

Ազգերի լիգան կազմել էր «Մնայուն իրավարար ատյան», որը պիտի քններ պետությունների միջև ծագող վեճերը և լուծում տար դրանց: «Այս կերպով մեծ քայլ մը առնված է», ինչպես կհավաստեն թերթերը: Շնորհիվ այդ ատյանին, «Մնայուն բաներակներու պետք չպիտի մնա, հետևաբար զինաթափությունը բնականաբար տեղի պիտի ունենա», - շարունակում է Օտյանը հեգնանքով: «Ամենուն կողմե ընտրված այդ գեղեցիկ բանաձևը, պզտիկ պակասություն մը ունի … բոլորովին օդային է»:

Բոլոր պետություններն էլ զինաթափություն էին ուզում, բայց բոլորն էլ որոշել էին առայժմ' «մինչև նոր տնօրինություն ոչ թե միայն պահել իրենց բանակները, այլ լավագույն կերպով սպառազինել զանոնք: Որովհետև, ըստ պերճախոս բացատրության պ. Հեռիոյի, այս աշխարհի վրա արդարությունը պիտի տիրապետե, և որպեսզի արդարությունը տիրապետե ուժի պետք ունի: Ուժը ի սպաս արդարության: Պետք է անարդարությունը զինաթափ ըլլա և արդարությունը սպառազինվի. Այն ատեն խաղաղությունը կտիրե աշխարհիս վրա …

Հա՞րկ է ըսել որ երբ արդարի ու անարդարի ակնարկություն կընենք' արդարը միշտ մենք ենք, իսկ անարդարը թշնամին»:

Այս պարագայում, իրավարար ատյանը, զինաթափությունը, դատարկ պղպջակներ էին: «Իրավարար ատյան, զինաթափություն … Երկու գունագեղ պղպճակի գունդեր, որոնք որչափ մեծցնենք, այնքան իրենց մեջի պարապությունը կավելանա»:

Ազգերի լիգան չէր կարողացել վերացնել գերմանական վտանգը, որը Եվրոպայի խաղաղությանն սպառնացող հիմնական վտանգն էր: Գերմանիան չէր մտել Ազգերի լիգայի մեջ և չէր ենթարկվում նրան: Սովետական Ռուսաստանը նույնպես չէր մտել Ազգերի լիգայի մեջ: «Եվ երբ անոնք չեն ընդունիր իրավարար ատյանը, ալ ինչի՞ կծառայե անոր կազմությունը, երբ անոնք չեն ուզեր զինաթափ ըլլալ, ի՞նչպես Ֆրանսա, Պելճիկա, Իտալիա, Բոլոնիա կամ Ռումանիա կրնան զինաթափ ըլլալ:

Այսպես ուրեմն Ժնևի մեջ թափված բոլոր այդ պերճախոսության հեղեղները ուրիշ բանի չեն ծառայեր քան եթե Լեմանի լիճը լեցնելու»:

Քաղաքական տարբեր շահերի խաչաձևման հետևանքով ինչպես բազմաթիվ միջազգային կոնգրեսների ու համագումարների, նույնպես և Ազգերի լիգայի Ժնևի համագումարի որոշումները ձևական նշանակություն ունեցան: Փոքր ժողովուրդները շարունակում էին կուլ գնալ մեծ պետությունների քաղաքական շահերին: Կուլ էր գնացել ու շարունակում էր կուլ գնալ նաև հայ ժողովուրդը: Այս բանը հայ քաղաքագետներից շատերը չէին հասկանում, ուստի շարունակում էին խոսել այն մասին, որ մեզ «խաղալիք ըրին»: Այդ միամիտ ու նաիվ մտածելակերպի դեմ Օտյանը դուս եկավ «Խաղալիք» պամֆլետով, ուր գրում է. «Ամեն քաղաքական երևույթ «խաղալիքով» բացատրելու այս մենամոլությունը, ալ սկսած է դդումի համ տալ, մանավանդ տափակագիրներու գրչին տակ:

Նյութը' Ք. Ա-ի