Այսօր հավանաբար շատ հաճախ ես լսում լրագրող Գոհար Վեզիրյան անուն ազգանունը. այն հնչում է ռադիոեթերներում, տպագիր մամուլի հոդվածներում, սակայն նրան առավել լավ ճանաչելու առիթ չես ունեցել: Երիտասարդ ու կենսուրախ լրագրողին' որպես ընդգծված անհատականության, ներկայացնելը հնարավորություն կտա քեզ նրան առավել լավ ճանաչելու:
Շատերի պես Գոհարը դպրոցական տարիքում' 8-րդ դասարանում հայտնվել էր մասնագիտության ընտրության առաջ. շարունակե±լ երաժշտական կրթությունը (հաճախել է Երևանի Չուխաջյանի անվան դպրոցի դաշնամուրի բաժին), թե± ընտրել լրագրողի մասնագիտությունը: Ի վերջո, ընտրում է լրագրությունը, և արդեն 2-րդ կուրսում «ցնցում» ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Առաջին կուրսում հանրության համար դեռևս անհայտ ուսանողուհին «Ազգ» օրաթերթում հանդես եկավ «ԵՊՀ-ում վատագույն ավանդույթները շարունակվում են» հոդվածով, որն էլ բարդացրեց գերազանց սովորող ուսանողուհու կյանքը: Բնականաբար, բուհում տիրող մի շարք բացասական երևույթներ, այդ թվում' ուսանող-դասախոս հարաբերություններն ու համընդհանուր գորշությունը, հանրապետական մամուլում քննադատության ենթարկելը չէր կարող անարձագանք մնալ. համալսարանի ղեկավարության համար անընդունելի էր Գոհարի' որպես ապագա լրագրողի, քննադատական վերաբերմունքը: Չնայած դրան' նա ամենևին չընկճվեց' միշտ մնալով նույն պայքարող ուսանողուհին:
«Իրականում իմ պայքարը նրա համար էր, որ ցանկանում էի նոր ձևավորված ժուռնալիստիկայի ֆակուլտետը տեսնել որպես համալսարանի ամենաըմբոստ, հասարակական կարծիք ձևավորող և համարձակ կադրեր պատրաստող ֆակուլտետներից մեկը: Ինչ-որ բաների կարողացանք հասնել. համենայնդեպս' ինձ ու մի քանի ուսանողներիս հաջողվում էր պաշտպանել մեր իրավունքները, ստորագրահավաքներով փոխել դասախոսներին»,- ասում է Գոհարը: 2-րդ կուրսից աշխատելով «Այժմ» թերթում' նա հայտնվում է քաղաքական անցուդարձի էպիկենտրոնում ու անգամ սեփական մաշկին զգում' ինչ է նշանակում բռնության ենթարկվել մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: «Աշխատանքիս բերումով հայտնվել էի քաղաքական անցուդարձի հորձանուտում, 2003թ. նախագահական ընտրություններն էինք լուսաբանում: Բնականաբար, այդ ամենն ազդում էր մտածողությանս և աշխարհայացքիս վրա: Ուսանողական միջավայրում և դասախոսությունների ժամանակ քաղաքական կարծիքներ էի հայտնում, կռիվ տալիս համոզմունքներիս համար, որոնք տարբերվում էին համալսարանում ընդունված իշխանամետ հայացքներից կամ պաշտոնական տեսակետից: Այդ էր պատճառը, որ այդպես էլ չկարողացա շատերի պես հարթ ու խաղաղ ուսանողական կյանք ունենալ»,- հիշում է լրագրողը:
Այսօր աշխատելով «Չորրորդ իշխանություն» օրաթերթում' նա համամիտ չէ, որ այն ընդդիմադիր մամուլ են համարում: «Ես ազատ մարդ եմ, սա էլ ազատ մամուլ է, որն ինձ ազատ արտահայտվելու հնարավորություն է տալիս: Մեզ մոտ ընդունված է քաղաքական դաշտը միայն սևի ու սպիտակի բաժանել' իշխանամետ կամ ընդդիմադիր. դա հնացած և կարծրատիպային մոտեցում է: Ինչպես հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, այնպես էլ քաղաքականության մեջ կան գույներ: Այդ բազմազանության մեջ է ձևավորվում հասարակական կարծիքը, այդտեղ են ընթանում բոլոր զարգացումներն ու գործընթացները: Մեզ' լրագրողներիս, մնում է արտացոլել հասարակական հարաբերությունների ողջ ներկապնակը' գորշից մինչև ամենալուսավորը, որովհետև միայն այդ ամբողջության մեջ է հնարավոր տեսնել գործընթացների իրական պատկերը»,- վստահ է նա: «Սևի ու սպիտակի» այս ջրբաժանում էլ Գոհարին' որպես ընդդիմադիր լրագրողի, բաժին է հասնում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացված բռնությունների առյուծի բաժինը' չնայած որ Գոհարը բավական կենսուրախ է ու, ինչպես ընկերներն են հաճախ ասում, իրենց ընկերախմբի թթվածինն է, դրական էներգետիկան ապահովողը: Նրան փորձել են «վախեցնել» քրեական հետապնդմամբ, սակայն հակառակ բոլոր «ջանքերի»' Գոհարը շարունակում է իր հոդվածներով պայքարել հանուն արդարության:
«Ես չեմ կարծում, որ պետք է ճանապարհի կեսից հետ դառնալ, հատկապես, երբ կարծում ես, որ այն ճշմարիտ է: Լրագրողի ուղին ես եմ ընտրել, ինձ ոչ ոք չի ստիպել: Հետո, եթե ամեն ինչ հարթ ու խաղաղ լիներ, մի տեսակ տխուր կլիներ»,- ասում է երիտասարդ լրագրողը: 2023թ. Հայաստանի ապագա նախագահի համար խորթ են խոչընդոտներից ընկճվելը, մեղքը երկրի կամ հասարակության վրա բարդելը, հայրենիքից հեռանալու մասին մտածելը: «Ես սիրում եմ իմ երկիրը, կրում հայ մարդու արժեհամակարգի թե՛ դրական, թե՛ բացասական գծերը: Ուսման նպատակով գուցե մի քանի տարով մեկնեմ, բայց չեմ պատրաստվում մշտապես հաշիվներս մաքրել Հայաստանի հետ: Իմ երազած Հայաստանի մասին վերամբարձ հայտարարություններ չեմ անում, պարզապես կուզենամ, որ այն իսկապես լինի այնպիսին, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ' ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան: Գուցե սա ընդունեք ժամանակից շուտ սկսած քարոզարշավ, բայց իմ նախագահության տարիներին, ամեն ինչ անելու եմ, որպեսզի վերոնշյալ դրույթները ոչ թե թղթի վրա մնան, այլ գործնական կիրառություն ստանան»,- խոստանում է մեր ապագա կանաչաչյա նախագահը :)
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ