PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնում հանդիսավոր արարողությամբ բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդուն' Արամ Իսաբեկյանին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Էդուարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագուներ:
Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռևս 2004թ.-ին՝ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, և խորհրդանշական է, որ ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց վարչապետի և գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Վերջինս, ի դեպ, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը:
Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշել է, որ այս ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է շփվելու իսաբեկյանական արվեստին, իսկ գեղարվեստի ակադեմիայի և մշակութային ու նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար սա կծառայի նաև որպես ուսուցողական կենտրոն: Գեղանկարչի որդին իր հերթին ընդգծել է, որ սիրով է կայացրել հոր թողած ժառանգության մի մասը Երևան քաղաքին նվիրելու որոշումը: