ԱՄՆ-ում բնակվող իրանահայ երգիչ, հաղորդավար, ավտոմեխանիկ Գուրգեն Զարգարյանի նոր տեսահոլովակը «ցնցել է» համացանցը. Shift it (բառացի՝ փոխիր այն) կոչվող գովազդային հոլավակը Youtube վիդեոհոսթինգում հայտնվել է ապրիլի 29-ին, այսօր արդեն դիտումների քանակը գերազանցում է 1 մլն 300 հազարը:
Տեսահոլովակում Զարգարյանը գովազդում է սեփական ավտոտեխսպասարկման կետը (Arlen's Transmission-ը, բառացի թարգմանաբար՝ Առլենի փոխանցման տուփ), որը Կալիֆոռնիայի նահանգի Բերբանկ քաղաքում գործում է արդեն 22 տարի: «Բարև սիրունիկս, մեքենադ ի՞նչ վիճակում է, փոխանցման տուփի հետ կապված խնդիր ունե՞ս», -Arlen's Transmission-ին մոտեցող «Վոլկսվագեն» մակնիշի դեղին ավտոմեքենան նկատելով' ասում է Զարգարյանը և սկսում պարելով ու երգելով բոլորին իր խանութ հրավիրել, վստահեցնում, որ իր ծառայությունից գոհ կմնան «ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության փոխանցման տուփեր ունեցող ավտոմեքենաների վարորդները»:
Պարսկական մեղեդի, արևելյան պարեղանակ, Զարգարյանի առոգանությունն ու արևելյան արտաքինը, զվարճալի շարժուձևեր՝ Youtube-ի օգտատերերը Shift it -ի ցնցող հաջողության պատճառը համարում են այս ամենի համակցությունը...
Գովազդային հոլովակի հեղինակն ամերիկացի հայտնի Rhett and Link դուետն է (Ռեթ և Լինք, ամերիկացի կատակերգու դերասաններ Ռեթ Մաքլաֆլինը և Չառլզ Լինքոլնը): Ընդ որում, նման կատակերգական-զվարճալի տեսահոլովակ նկարահանելու առաջարկով հանդես են եկել հենց Ռեթն ու Լինքը, նկարահանել են անվճար:
«Մարդիկ հավանել են տեսահոլովակը, հավատս չի գալիս: Ես նույնիսկ չէի երազում այդ մասին»,-ամերիկյան Burbankleader.com կայքի հետ զրույցում ասել է Զարգարյանը՝ անդրադառնալով Youtube-ում գրանցած հաջողությանը:- Պարզապես հիանալի է»:
Զարգարյանը ծնվել է 1950թ-ին Իրանում, երգել սկսել է 3-րդ դասարանից: 1980-ական թթ-ին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և սեփական բիզնեսը հիմնել. ավտոսպասարկման կետ է բացել, որտեղ որ առ այսօր աշխատում է... Բազմաշնորհ Գուրգենն ավտոմեխանիկի «արհեստը» յուրացրել է Իրանում, տարիներ շարունակ աշխատել է իր հորեղբոր ավտոսպասարկման կենտրոնում:
Զարգարյանն արդեն երաժշտական 5 ալբոմ է թողարկել: Երգերի լեզուն հիմնականում պարսկերենն է, հայերենով ընդամենը մի քանի երգ ունի (երգերի երաժշտության մեծ մասի հեղինակը հենց ինքն է):
Գուրգենը հայաշատ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ և Բերբանկ քաղաքներում հայտնի է նաև որպես հաղորդավար. արդեն 17 տարի է, ինչ Գլենդեյլի հեռուստաալիքներից մեկի եթերում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի վարում է ժամանցային «Գուրգենի շոու»(Gorgen's Show) հեռուստահաղորդումը (ներկայացնում է իր տեսահոլովակները, իրանական էստրադային երգարվեստի նորությունները):
Shift it-ն անտարբեր չի թողել նաև ամերիկյան ԶԼՄ-ներին. երեկ և այսօր ավտոմեխանիկ Գուրգենին անդրադարձել են ոչ միայն ժամանցային, այլև հեղինակավոր մի շարք առցանց լրատվամիջոցներ (այդ թվում՝ Huffington Post-ը):