Տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները կրկին անդրադարձել են այս տարվա, թերևս, ամենասպասված ու քննարկված նորույթին՝ 2013թ. վերջին վաճառքի հանվելիք Google Glass հեղափոխական ակնոցներին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, իրենից կրելի համակարգիչ ներկայացնող Google Glass-ը հաքերները հեշտությամբ կարող են կոտրել, ինչի հետևանքով ամբողջ ձայնա և տեսանյութերը հնարավոր է համացանցի միջոցով փոխանցել ցանկացած մարդու։
Մասնագետները, ցանկանալով պարզել Google Glass-ի ապահովության աստիճանը, դիմել են հաքերերի օգնությանը, ովքեր էլ, կոտրելով ակնոցը, նշել են, որ ակնոցներից կարելի է կորզել ցանկացած տեղեկություն, ու օգտատերն ընդհանրապես դրանցով պաշտպանված չէ։ Ըստ աղբյուրի, թեև հեղափոխական սարքը դեռևս վաճառքում չէ, այնուհանդերձ այս բացահայտումը կարող է բացասաբար անդրադառնալ վաճառքի վրա։
Հաքերներն ընդգծել են, որ Google Glass-ը կոտրելու համար պահանջվում է մի քանի րոպե, ինչից հետո հնարավոր է դառնում իմանալ բոլոր գաղտնաբառերը, պատճենահանել լուսանկարները, կարդալ ուղարկված և ստացված նամակները, լսել ձայնա և տեսանյութերը։ Արդյունքում մասնագետները հանգել են հետևյալ եզրակացությանը. Google Glass-ը բավական վտանգավոր սարք է, որը, բացի օգտատիրոջ մտքերից, իմանում է ամեն ինչ։