Yerkir.am

Ապրիլին Չինաստանի մայրաքաղաքում կայացել է Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնը, որի ժամանակ «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում' «Լավագույն երաժշտություն» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար»: «Եթե բոլորը» նաեւ օրեր առաջ «Հայակի» մրցանակակիր դարձավ' «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում:

Yerkir.am-ի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանը նշեց, որ իր համար պատիվ էր մասնակցել «Հայակին», քանի որ սա հայ կինեմատոգրաֆի համար առիթ է' իրեն ցուցադրելու հանրությանը:

«Ես վստահորեն կարող եմ ասել, որ հայ կինոն այսօր վերելք է ապրում, եւ հակառակը չէր էլ կարող լինել, քանի որ այս քաղաքում ապրում եւ ստեղծագործում են կիրթ արվեստագետներ, ինչի արդյունքն ակնհայտ է. գուցե դանդաղ քայլերով, բայց առաջ ենք գնում»,-ասաց Պողոսյանը:

Դերասանի համար արվեստում ամենակարեւոր գրավականն անկեղծությունն է, ստեղծագործական քո չափանիշներին չդավաճանելը: Ըստ նրա' արվեստագետը երբեք չպետք է ընկնի հանդիսատեսի հետեւից, հանդիսատեսն ինքը պետք է հետաքրքրվի քո ստեղծագործությամբ:

«Ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել էկրանին կամ բեմում հայտնվելը: Ես անում եմ իմ նախագծերն այն թեմաների շուրջ, որոնք ինձ առաջին հերթին հուզում են որպես մարդու եւ հետո նոր միայն փորձում եմ այդ ամենն իրականացնել որպես մասնագետ»,- ասաց Պողոսյանը: