Անգելա Մերկելը Գերմանիայի առաջին կին կանցլերն է, ընդհանուր առմամբ, Գերմանիայի երկրորդ կին ղեկավարը X դարում ապրած կայսրուհի Ֆեոֆանայից հետո: Forbes-ի տվյալներով' Անգելա Մերկելը աշխարհի ամենաազդեցիկ կին-քաղաքական գործիչների թվում է: Նա սիրում է աշխատել այգում, հետաքրքիր ճաշատեսակներ պատրաստել. «Ես մեծ հաճույքով եմ թխվածքներ թխում, և պետք է ասեմ, որ դեռ ոչ մի անգամ իմ հյուրերից որևէ մեկը տունս սոված չի լքել»:
2009 թվականի փետրվարին թողարկվել է Բարբի տիկնիկի հատուկ տարբերակը' Անգելա Մերկելի նմանությամբ:
Անգելա Մերկելը (օրիորդական ազգանվամբ' Կասլեր) ծնվել է արևմտյան Գերմանիայում' Համբուրգում: Երրորդ երեխան է եղել լյութերական հոգևորականի եւ ուսուցչի ընտանիքում: 1954 թվականին նրա հայրն իր ընտանիքը տեղափոխել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ)՝ Տեմպլին փոքր գավառական քաղաք: Սա հիմք է տվել գերմանական լրագրողներին' փնտրելու Անգելա Մերկելի հոր'Հորսթ Կասլերի հնարավոր կապը հասարակական անվտանգության անդամների հետ: Սակայն, չկա դրա և ոչ մի գրավոր ապացույց, իսկ Անգելա Մերկելն իր մանկության մասին մինչ օրս խոսում է բավական աղոտ, չի անում ոչ մի մեկնաբանություն:
Մերկելի կենսագիրը նշում է, որ Հորսթ Կասլերը մեկն էր այն քահանաներից, որոնք պատրաստակամորեն համագործակցում էին կոմունիստական իշխանությունների հետ, եւ Կասլերը ակտիվ մասնակցություն է ունեցել լյութերականների պառակտման գործում, ինչի հետևանքով անջատվել է ԳԴՀ-ի եկեղեցին:
Գուցե դա է պատճառը, որ անգամ սառը պատերազմի տարիներին Կասլերների ընտանիքն ուներ երկու ավտոմեքենա, և ընտանիքի հայրն արեւելյան մասի այն սակավաթիվ գերմանացիներից էր, որ կարող էր անարգել մուտք գործել արեւմտյան հատված:
Դպրոցական տարիներին Մերկելը դասարանի առաջատարն էր: Նա ստացել է գերազանցության վկայական եւ ընդունվել Լայպցիգի համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ : Այստեղ ևս նա առաջինն է եղել: Եվ ոչ միայն մասնագիտական առարկաներից: Ըստ «Коммерсант-Власть» ամսագրի ' նա մասնակցել է ռուսերենի համաժողովրդական օլիմպիադային եւ հաղթել՝ ստանալով ուղեգիր դեպի ԽՍՀՄ: Այնպես որ, Մերկելը ռուսերեն խոսում է ոչ պակաս, քան Պուտինը' գերմաներեն: Նա սկսել է ռուսերեն սովորել դեռ դպրոցում, երբ ամեն առավոտ սպասում էր ավտոբուսի:
ԽՍՀՄ-ից վերադարձել է տպավորված, հետագայում ասել է. «Տպավորված եմ'տեսնելով Կրեմլը, վանքերն ու ժողովրդին: Եվ, իհարկե, տարածության մեծությունը գերող է: Երբ ճանապարհորդում ես գնացքով Բեռլինից Մոսկվա, տեսնում ես, թե ինչ մեծ է Խորհրդային Միությունը: Այնտեղ եղած ժամանակ ես կարծում էի, թե այդ մարդիկ պետք է որ դժվար կյանքով ապրելիս լինեն, քանի որ ստիպված են կարիքները հոգալ' հաղթահարելով երկար տարածքներ: Դա բոլորովին այլ զգացում է, քան փոքր Գերմանիայում, որտեղ ամեն ինչ մոտ է»:
Անգելա Մերկելը եղել է Գերմանիայի ազատ երիտասարդների միության կազմում, սակայն որևէ կուսակցության չի հարել: Նա հրաժարվել է համագործակցել նաև պետական անվտանգության նախարարության հետ. «Ես նրանց ասացի, որ բացարձակապես գլուխ չեմ հանի աշխատանքից, քանի որ բնավորությամբ մի ահավոր չաչանակ եմ»: Մի ուրիշ առիթով էլ խոստովանել է. «Ես չեմ հասել շատ մարզական հաջողությունների, թեև զբաղվել եմ սպորտով, այլ հարց է լեզուս: Միշտ էլ սուր լեզու եմ ունեցել»:
Փայլուն ավարտելով ուսումը Լայպցիգում' նա անմիջապես տեղ է ստացել Ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում , որտեղ աշխատել է մինչեւ 1990 թ., իսկ 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը:
Ի տարբերություն գիտական կարիերային' անձնական կյանքում Անգելայի առաջին քայլերը ձախողվել են: Երրորդ կուրսում նա հանդիպել է Ուլրիխ Մերկելին : Մեկ տարի անց նրանք ամուսնացել են, եւ Անգելան փոխել է իր օրիորդական ազգանունը: 5 տարվա համատեղ կյանքից հետո այս ամուսնությունը լուծվել է: Հիշելով սա՝ Անգելա Մերկելը մի անգամ խոստովանել է. «Մենք ամուսնացանք, քանի որ բոլորն ամուսնանում են: Այսօր սա ծիծաղելի է հնչում, բայց ես վերաբերվեցի ամուսնությանն առանց անհրաժեշտ լրջության: Ես խաբվեցի»:
Մինչեւ ԳԴՀ-ի փլուզումը Անգելա Մերկելը չի զբաղվել քաղաքականությամբ: Ֆիզիկոսից դեմոկրատի անցումը տեղի է ունեցել Բեռլինյան պատի անկումից հետո: Իր իսկ խոսքերով՝ այդ իրադարձությունը մեծ տպավորություն է թողել իր վրա. «Իմ ընտանիքում հաճախ էին երազում Գերմանիայի վերամիավորման մասին' ասելով, որ երբ դա տեղի ունենա, ապա առաջին բանը, որ կանեն, կլինի Արեւմտյան Բեռլին գնալը, Kempinski հյուրանոցի լավագույն սեղաններից մեկի շուրջ օմար վայելելը»:
Երկրի վերամիավորումը, սակայն, չի խանգարել, որ Մերկելի մոտ պահպանվեն բազմաթիվ գծեր' բնորոշ ԳԴՀ-ի տարիներին. «Երբեմն ես առնում եմ մի բան, որի կարիքը բացարձակապես չունեմ: Սա պայմանավորված է նրանով, որ առաջ' սղության ժամանակ, ստիպված էինք լինում շատ իրեր գնել պահուստի համար: Սիրում եմ ուտել լեչո ու խորոված, որոնք հաճախ եփում էինք ԳԴՀ-ում: Միավորումից երկար տարիներ անց էլ ես դեռ օգտագործում էի «ունիվերսամ» բառը նոր եզրույթ «սուպերմարկետի» փոխարեն , վերջինը սկսել եմ օգտագործել ընդամենը 6-7 տարի առաջ»:
Պատը փլուզվեց, ու մամուլի ասուլիսներում հաճախ երևացող Անգելա Մերկելը դարձավ հայտնի և' արեւելյան և' արեւմտյան գերմանացիներին: Պատահական չէ, որ նրան հաճախ անվանում են «արևմուտքը գրաված արևելքի կին»: Ամենակարեւորն այն էր, որ նրան այդ տարիներին նկատեց կանցլեր Հելմուտ Կոլը: Վերջինիս այդ ժամանակ անհրաժեշտ էին նոր կառավարության նոր ներկայացուցիչներ: Պետք էին հատկապես «նոր կանայք», որ դեռ չէին ձանձրացրել ընտրողներին: Դոկտոր Անգելա Մերկելը համապատասխանում էր բոլոր պահանջներին:
1990 թ. դեկտեմբերին նա իրեն լավ դրսևորեց միասնական Գերմանիայի առաջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Քարոզարշավի օրերին Բալթյան ափին նա հանդիպումներ ունեցավ տեղացի ձկնորսների հետ. «Նա միշտ խոստանում էր, խոստանում ու խոստանում, - պատմել են հետո ձկնորսները, - եւ մենք քվեարկում էինք նրա օգտին: Խոստումները մնացին անկատար: Բայց այդ ժամանակ ոչ ոք արժանի չէր վստահության, իսկ նա գոնե լսել գիտեր»:
Հելմունտ Կոլը առաջինն էր, ով լուրջ վերաբերվեց Մերկելին: «Դու քո հետևից կտանես կանանց», - ասաց Մերկելին կանցլերը' նշանակելով նրան կանանց եւ երիտասարդության հարցերի նախարար: Կոլը նրան անվանում էր «փոքր աղջիկ», ժուռնալիստները' «Կոլի աղջիկ», եւ «փոքր աղջիկը» շուտով նշանակվեց իշխող «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության պետի տեղակալ, ապա' քարտուղար:
Հետո պաշտոններն ու վայրիվերումները հաջորդեցին մեկը մյուսին:
1984 թ. Անգելան սկսեց հանդիպել քիմիկոս Յոախիմ Զաուերի հետ , ով այդ ժամանակ դեռ ամուսնացած էր: 1998 թ. նոր ամուսնությունը գրանցվեց: Երբ Անգելա Մերկելը նշանակվեց կանցլեր, նրա նոր ամուսինը, չցանկանալով լինել հասարակական ուշադրության դաշտում, չներկայացավ կնոջ երդման արարողությանը:
Չնայած նոր ամուսնությանը' Անգելան չհրաժարվեց նախկին զուգընկերոջ բարեհունչ ազգանունից' Մերկել կամ merklich, որ թարգմանաբար նշանակում է «աչքի ընկնող», քանի որ Յոախիմ Զաուերի ազգանունը ակնհայտորեն չհամապատասխանեց Անգելային. sauer թարգմանվում է որպես «թթու»:
Անգելա Մերկելը երեխաներ չունի: Այս մասին մի առիթով նա ասել է. «Առաջ ես չէի բացառում երեխաներ ունենալու հնարավորությունը, բայց դա չեղավ: Երբ ես մտա քաղաքական դաշտ, 35 տարեկան էի, եւ այս հարցն առմիշտ դուրս եկավ իմ տեսադաշտից»:
Պատրաստեց Լարա Առաքելյանը