Անգլիայի վերջին միապետ Ռիչարդ 3-րդի կյանքի և մահվան մասին հաջողվել է նոր մանրամասներ պարզել՝ շնորհիվ հայտնաբերված գանգի ուսումնասիրության, հայտնում է The Telegraph-ը։
Գանգոսկրի հետազոտությունը ցույց է տվել, որ Ռիչարդ 3-րդի մահը շատ դաժան է եղել. գլխի հատվածում այն ժամանակների զենքով ստացած հարվածն այնքան ուժգին է եղել, որ նրա թագը մխրճվել է գանգի մեջ։
Մասնագետները նաև չեն բացառում, որ արքան կենդանության օրոք շատ նյարդային, անհանգիստ է եղել, և նրա կյանքն ընդհանուր առմամբ տագնապներով լի է եղել։ Զուր չէ, որ Ուիլյամ Շեքսպիրը միապետին ներկայացրել է «ցասումից ատամները կռճտացնելով»։ Իսկ նրա ատամների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Ռիչարդ 3-րդի մոտ դրանք շատ վատ վիճակում են եղել։ Ըստ ամենայնի՝ նա քաղցրակեր է եղել։
Ռիչարդ 3-րդի կմախքի հայտնաբերումը համարվում է պատմության ամենանշանակալից հնագիտական իրադարձություններից մեկը։ ԴՆԹ-ի անալիզի արդյունքում հաստատվել է, որ այն իրոք Ռիչարդ 3-րդինն է։ Անգլիայի վերջին միապետը մահացել է 1485թ.՝ Բոսվորթի պատերազմի ժամանակ։