Եթե կնոջը լիովին հասկանամ, կդադարեմ սիրել.

Ladynews.am-ի հյուրասրահում է ռեժիսյոր Սուրեն Շահվերդյանը:

-Ռեմարկն ասել է՝ եթե կինը պատկանում է ուրիշի, նա հինգ անգամ ավելի ցանկալի է, քան այն կինը, որին կարելի է ստանալ, համաձա՞յն եք:

-Միգուցե Ռեմարկն այդպիսի բաներ ասելու լուրջ պատճառներ է ունեցել, արի չքննարկենք Ռեմարկին, բայց ես կարծում եմ՝ պատկանել բառը մի փոքր կոպիտ է հնչում. ընդհանրապես պատկանելիությունը կարելի է իրերին եւ անշունչ առարկաներին վերագրել: Կարծում եմ՝ այն մարդը, կապ չունի տղամարդ, թե կին, ով ինքն իրեն չի պատկանում՝ այլ ուրիշին, իր բնությամբ «ստրուկ է»:

-Շատ տղամարդկանց համար իդեալական են համարվում այն կանայք, ովքեր կարողանում են լռել, իսկ ըստ Ձեզ՝ իդելական կինն ինչպիսի՞ն պետք է լինի:

-Բոլոր մարդիկ ունեն իրենց իդեալներին, ինձ համար իդեալական է այն կինը, ում սիրում եմ: Ինչ վերաբերում է լռելուն, ապա փորձեմ հումորով պատասխանել՝ «երբ խոսում է տղամարդը, կինը պետք է լռի»: Իհարկե, լռել կարողանալու հատկությունը կնոջ մոտ շատ կարեւոր է, երբ խոսելով շատ բան կարող է փչացնել:

-Հնարավո՞ր է՝ կանացի շատախոսությունը Ձեզ նյարդայնացնի, թե՞ Ձեզ հետաքրքիր է անընդհատ լսել կնոջը:

-Խելացի կնոջն անընդհատ կարելի է լսել. կան կանայք, ովքեր շատ հետաքրքիր են խոսում եւ կարող են յուրաքանչյուր թեմայով խոսել:

-Հաճելի՞ է, երբ կինը զգում է տղամարդու պաշտպանության կարիքը, թե՞ ցանկալի է՝ կինն այնքան ուժեղ ու կայացած լինի, որ ինքն իրեն կարողանա պաշտպանել:

-Հաճելի է, երբ կինը տղամարդու սերն է զգում. դա նրա համար ե´ւ երջանկություն է, ե´ւ պաշտպանվածություն: Մարդուն պետք է պաշտպանի օրենքը, իսկ, եթե մարդը ջունգլիներում է ապրում, որտեղ ֆիզիկական ուժ է հարկավոր պաշտպանվելու համար, ապա պետք է ուժեղ լինի: Մեր իրականության մեջ կնոջը ֆիզիկապես ուժեղ լինելը չէր խանգարի:

-Իսկ ձեզ՝ տղամարդկանց հաճելի կլնի՞ շրջապատված լինել ֆիզիկապես ուժեղ կանանցով:

-Դե ակնհայտ է՝ մեր շրջակա միջավայրն այդքան էլ «հարմար» չէ թույլ լինելու համար: Պետք է թե´ կին, թե´ տղամարդ ուժեղ լինեն ե´ւ ֆիզիկապես, ե´ւ հատկապես հոգեպես:

-Կանանց մեջ Ձեզ համար ամենաանսպասելի բացահայտումները, որ արել եք, որո՞նք են:

-Կինն անվերջություն է, նրան լիովին բացահայտել կարծում եմ՝ երբեւէ ինչ-որ մեկին չի հաջողվել, իսկ նրանց, ում թվում է՝ հաջողվել է, կտխրեցնեմ՝ ասելով, որ այդպիսի բան հնարավոր չէ: Հենց այդ բացահայտումն է ինձ համար ամենաանսպասելին:

-Սուրե´ն, ի՞նչ եք անում եւ ի՞նչ կանեք հետագայում, որպեսզի Ձեր կողքի կինն իրեն միշտ երջանիկ զգա:

-Սիրել եմ, սիրում եմ եւ կսիրեմ…

-Ի՞նչ եք անում, որ նա այդ սերն անընդհատ զգա:

-Սիրում եմ այն կնոջն, ով հիմա իմ կողքին է, նա այդ սերն զգում է անընդհատ:

-Համամի՞տ եք՝ տգեղ կանայք չեն լինում:

-Լինում են՝ վարքով, ներքինով, խառնվածքով:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է կնոջը դարձնում ցանկալի եւ հմայիչ:

-Ես կասեի՝ նախեւառաջ տղամարդը, սակայն պակաս կարեւոր չէ նաեւ միջավայրն ու պայմանները, որում նա ապրում է:

-Կա՞ կանանց մեջ ինչ-որ բան, որ ինչքան էլ փորձում եք հասկանալ, մեկ է չի ստացվում:

-Իհարկե կա, եթե հասկանամ, էլ չեմ սիրի:

-Եթե թվարկեք երեք բան, որոնք պետք է կինն անպայման իմանա, դրանք ի՞նչերը կլինեն:

-Կինը պետք է իմանա՝ գեղեցիկ է, սիրված, եւ երրորդը՝ պահանջված լինել»:

Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի