Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը դեռ <<Հայ սուպերսթար>> նախագծից աչքի էր ընկնում իր յուրահատուկ ձայնով, տարբերվող ոճով: Նա չզբաղեցրեց առաջին պատվավոր տեղը, բայց այն քչերից էր, ով կարճ ժամանակում նկարահանեց մի քանի տեսահոլովակ, մասնակցեց մի շարք համերգների, անգամ թողարկեց երկու ձայնասկավառակ: Բայց այս ամենը թողնելով Հայաստանում, երգչուհին մեկնեց Իսպանիա:

<<Չէի ասի, որ մեկնելուց հետո <<լռություն>> եմ ապահովել: Ճիշտ է, պետք է անկեղծ լինեմ, որ այնքան էլ ակտիվ չեմ այս շրջանում, բայց այնուամենայնիվ, նույնիսկ հեռվում գտնվելով փորձում եմ նոր տեսահոլովակներ ներկայացնել, նոր հարցազրույցներ, նոր ֆոտոշարքեր և այլն>>: ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Աստղիկի վերջին երեք տեսահոլովակները նկարահանվել են Հայաստանից դուրս' Իսպանիայում (<<Մի պատուհան>>, <<Սև ակնոց>>, <<Նա>>): <<Շատերին միգուցե թվում է, թե արտերկրում տեսահոլովակ նկարահանելը շատ ավելի հեշտ լուծում է երգչի կամ երգչուհու համար, բայց թույլ տվեք ասել, որ դա այդպես չէ: Հատկապես Եվրոպայում ավելի լուրջ է օրինական դաշտը, և ցանկացած նկարահանում իրականցնելու համար անհրաժեշտ են համապատասխան իրավունքներ>>:

Իր գործունեության սկզբից մինչ օրս երգչուհուն աջակցում է ընտանիքը. <<Իհարկե լավ կլիներ, որ իմ երաժշտական ոճը շատ ավելի հասկանալի և պարզ լիներ հանրության մեծ հատվածի համար, և որ այն ավելի պրոպագանդվեր, քան արվում է: Միգուցե այդ ժամանակ չէի դիմի ընտանիքիս օգնությանը: Ամեն դեպքում նրանք ովքեր հասկանում և սիրում են իմ արվեստը, հավատարիմ են այդ երաժշտությանը և ինձ>>, նշեց երգչուհին:

Սկզբունքային երգչուհին միշտ հավատարիմ է իր սկզբունքներին, անգամ երաժշտության մեջ, նա համոզված է' երբեք «6/8» չափի երաժշտության մեջ հադնես չի գա.<< Լինելով երաժշտական մարդ, միևնույն է այդ երաժշտական ոճի մեջ ինքս ինձ չեմ պատկերացնում>>:

Չնայած որ «6/8» չափի երաժշտությունը շատ երգիչ-երգչուհիների համար գումար վաստակելու միջոց է, սակայն Աստղիկի վաստակած գումարն այլ է եղել.<<Շատ ուրախ եմ, որ առաջին վաստակածս գումարը <<հոնորար>> է եղել: Հիշում եմ, դա երևի 2006-ին էր, և ես որոշել էի հրավիրել հայրիկիս մի գեղեցիկ վայրում ընթրիքի: Ես այդպես էլ արեցի, ամեն ինչ շատ գեղեցիկ էր և հուզիչ>>,-հիշեց երգչուհին:

Աստղիկը բացի սովորելուց, և երաժշտությամբ զբաղվելուց աշխատում է մի նոր ծրագրի վրա, որի մասին չցանկացավ բարձրաձայնել.<<Այս գործով միշտ ցանկացել եմ զբաղվել, բայց այժմ չէի ցանկանա խոսել դրա մասին:Կխոսեմ, երբ այն արդեն իրականացած կլինի>>:

Երգչուհին այն երջանիկներից է ում երազանքներն ու նպատակները մասամբ իրականացել են, իսկ որոշներն էլ դեռ սպասում են իրենց հերթին: << 2004-ից սկսած երկրպագել եմ թենիսիստ Ռաֆայել Նադալին և միշտ էլ մեծ ցանկություն եմ ունեցել նրան իրականում տեսնել և ներկա գտնվել նրա խաղին: Մի քանի օր առաջ վերջապես իմ այդ մեծ ցանկությունն իրականացավ, ես կարողացա ներկա գտնվել իմ շատ սիրելի Նադալի մասնակցությամբ «Barcelona Open Banc Sabadell» մրցաշարի կիսաեզրափակչին և կարողացա հիանալ նրա ցնցող խաղով և իհարկե նրանով>>:

Չնայած երգչուհին արդեն տևական ժամանակ է չի բնակվում Հայաստանում, սակայն դա պատճառ չէ երգչուհու մասին բամբասանքներ տարածելու:Կար ժամանակ, երբ երգչուհու անունը կապում էին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի հետ, սակայն այս խոսակցությունները դեռ չեն դադարել. «Իսկապես: Անիմաստ է, քանի որ ես արդեն շատ վաղուց հերքել եմ այդ ասեկոսեները, դրանք չեն համապատասխանում իրականությանը»:

Իսկ մեր այն հարցին' արդյոք չի մտածում ամուսնության մասին, երգչուհին հարցով պատասխանեց.«Կմտածեմ արդեն»:

Հայենիքից հեռու ապրելով երգչուհին շատ կարոտում իր հայաստանաբնակ բոլոր ընկերներին, հարազատներին, երկրպագուներին, Երևանի սիրելի վայերը, շատ անգամ էլ կարոտում է հայկական խոհանոցը: Այսօր երգչուհին լավ լուր ունի իր հավատարիմ երկրպագուների համար. «Շուտով մի քանի օրով կայցելեմ Հայաստան: Շատ ծրագրեր ունեմ, որ պետք է իրականացնեմ այդտեղ: Ունեմ մի նոր համագործակցություն, որի վրա պետք է աշխատենք, երբ գամ Երևան, դա կլինի մեկ այլ երաժշտական ոճի և իմ pop/rock ոճի համատեղ մի աշխատանք: Իսկ թե ինչ կլինի, թող մնա անակնկալ: Նոր երգեր եմ ստեղծագործել որոշ սկսնակ երգիչ-երգչուհիների համար և, երբ լինեմ Երևանում, կփորձեմ մասնակցել նրանց ձայնագրություններին»:

Զրույցի վերջում չմոռացավ իր հավատարիմ երկրպագուներին.«Նրանք ինձ ավելի հավատարիմ են, քան ինչպես կարծում էի ես, դրա համար ես անչափ սիրում և գնահատում եմ նրանց հավատարմությունը»:

Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը /ArmStar.am/

Լուսանկարները' Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից