Որպես մարդ, ով մեծացել է "I will always love you" երգի երաժշտության տակ, դժվար է հրաժեշտ տալ Ուիթնի Հյուսթոնին: Մենք կառուցում ենք մեր կյանքը հայտնի մարդկանց'աստղերի մասին լեգենդներ հյուսելով, մեզ համար նրանց օրինակ դարձնելով, ձգտելով նրանց բարձրունքներին և նույնպիսի փառքի սիրելի երգիչներին կամ դերասաններին' մեր միամիտ երևակայությամբ պատկերացնելով նրանց որպես անհոգ կիսաաստվածներ'զուրկ ցավի ու տանջանքի զգացումից: Սակայն երբ հերթական անգամ համացանցը քչփորելիս կարդացի «48 տարեկանում մահացավ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը», հասկացա, որ այդ կյանքը գեղեցիկ խաղ էր և անգերազանցելի դեր:
Միշտ լսվող, գեղեցիկ, ուժեղ, առանց ցավի ու առանց պայքարի, իր հասցեին առանց ավելորդ քննադատությունների. այսպիսին կուզենայի հիշել Ուիթնի Հյուսթոնին: Թերևս վերջին մի քանի տարին դժվար է պատկերացնել այն ամենը, ինչ զգաց աշխարհահռչակ երգչուհին: Բացառիկ փառք, համաշխարհային ճանաչում, 24-ժամյա վազք և աշխատանք, դժբախտ սեր, պրոդյուսերական և դերասանական աշխատանք, ամիսներ տևող հիվանդանոցային առօրյա' ալկոհոլային կախվածությունից և թմրամոլությունից ազատվելու համար, և այս ամենը ընդամենը 48 տարի տևած մի կյանքի ընթացքում:«Թիկնապահը» ֆիլմից հետո «գերաստղի» տիտղոսը հիմնովին հաստատվեց Ուիթնիի համար: Նա գրանցվեց «Գինեսի» ռեկորդների գրքում' որպես ամենաշատ մրցանակներ ստացած երգչուհի, այդ թվում' 6 «Գրեմմի», 15 «Billboard Music Awards», 21 «American music Awards» և 2 «Emmy»-ի, 8 «Soul Train Music Awards», 12 «NAACP Image Awards» մրցանակ: Rolling Stones ամսագիրը նրան դասել է աշխարհի 100 ամենահզոր կատարողների շարքը: Որպես ապրանքանիշի ռեկորդ' Հյուսթոնի երգերի վաճառքի ընդհանուր թիվը կազմում է 170 մլն կրկնօրինակ:
2012թ. փետրվարի 11-ին Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում մահացավ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը: Բոբի Բրաունի հետ անհաջող ամուսնական կյանքը, ալկոհոլային կախվածության և թմրամոլության դեմ պայքարը կարծես հատեցին երգչուհու ուժերը: Նա մահացավ «Գրեմմի» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ, որին ինքը նույնպես պետք է մասնակցեր: 2012թ. էկրան պետք է բարձրանա «Փայլ» ֆիլմը' Հյուսթոնի կատարմամբ:
Աստղերի մահվանից հետո բոլորը բացառիկ հետևողականությամբ փորձում են գաղտնի դավադրություն, սպանություն և երևակայական այլ տարբերակներ ուհետքեր փնտրել: Սակայն այս անգամ դժվար թե այդ կարգի որևէ վարկած տեղ գտնի արտասահմանյան բուլվարային թերթերի առաջին էջերում: Ինչպես փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մահվան դեպքում, այնպես էլ հիմա մեծ ուշադրություն կդարձնեն երգչուհու ընդունած դեղամիջոցների և դրանց չափաբաժինների վրա: Կարծում եմ' անուշադրության չի մատնվի նաև երգչուհու անձնական բժիշկը:
Վերջին տարիներին տեսքը բավականին փոխվել էր, տարատեսակ դեղերը բացասաբար էին անդրադարձել նրա արտաքինի վրա' քաշի անհավասար փոփոխություններ, դեմքի մկանների ձևափոխություններ և այլն: Սակայն անկախ ամեն ինչից' ամեն տեսակի կեղտոտ բամբասանքներից, Ուիթնի Հյուսթոնը հիշողությանս մեջ միշտ կմնա անգերազանցելի, գեղեցիկ և փայլող գերաստղ. այնպիսին, ինչպիսին նա իրականում էր:
Միշտ մեզ հետ և միշտ գեղեցիկ' հավերժ ՈւիթնիՀյուսթոն. We will always love you...