Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Հայաստանում շրջակա միջավայրի և հանրության առողջության վրա հանքարդյունաբերության և շինարարության ազդեցությունները» թեմայով: Գիտաժողովին ներկա էին աշխարհի տարբեր մասերից ժամանած գիտնականներ՝ Մորանդո Սոֆրիտտին, Քուրթ Սթրեյֆը, Մարգրիտ վոն Բրաունը, Վարդուհի Պետրոսյանը:

Մորանդո Սոֆրիտտին բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք վերաբերվում են ուռուցքների առաջացման բուն պատճառներին, մասնավորապես արդյունաբերական աղտոտվածության և շրջակա միջավայրով պայմանավորված քաղցկեղներին:
Քուրթ Սթրեյֆը քաղցկեղի վերաբերյալ գիտական հետազոտությունների միջազգային գործակալության մենագրությունների տնօրենն է (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն): Նա մի շարք գիտական հետազոտություններ է իրականացրել՝ նվիրված քաղցկեղի զարգացման վրա շրջակա միջավայրի ռիսկի գործոններին:
Վարդուհի Պետրոսյանը ՀԱՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոս է, նույն ֆակուլտետի փոխդեկանը և ՀՀ վարչապետի խորհրդականը: Նա նաև Առողջապահության ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի տնօրենն է և իրականացրել է բազմաթիվ առողջապահական հետազոտական ծրագրեր (http://newsroom.aua.am/2013/04/04/aua-evaluates-25-toxic-waste-sites-near-communities-in-armenia/):
Պետրոսյանը գիտաժողովում նշեց, որ իրենց կենտրոնը իրականացրել է ուսումնասիրություն, և Հայաստանի 19 համայքներում հայտնաբերվել են մի շարք ծանր մետաղներ, ինչպիսիք են կադմիումը, սնդիկը, նիկելը...
Այս հետազոտության տվյալները ուղղարկվել են ՀՀ բնապահպանության և Առողջապահության նախարարություն եւ առաջարկել համատեղ ուժերով իրականացնել մաքրման և կանխարգելման աշխատանքներ: Այդ տարածքներից են Ալավերդին, Ախթալան: Վ. Պետրոսյանը նշեց նաև, որ այդ համայքներում առկա են ծանր դեպքեր, երբ այդ նույն ծանր մետաղները հայտնաբերվել են մանկապարտեզներում, դպրոցների բակերում, եկեղեցու տարածքում, իսկ սահմանելի թույլատրելի կոնցենտրացիան, ըստ միջազգային ստանադարտների, գերազանցում է մի քանի անգամ, ինչն ուղղակի անթույլատրելի է: