Կինը կարող է անգամ վատ հագնված լինել, բայց մազերի հարցում թերացումներն աններելի են: Իսկ թե ինչպես հասնել լավագույն արդյունքի, Ձեզ կփորձի օգնել LN-ը:
1. Լվանալուց առաջ լավ սանրեք մազերը: Դա կօգնի ազատվել վարսահարդարման միջոցների մնացորդներից, ինչպես նաև, մաշկի մահացած բջիջներից: Ջուրը, որով լվանում եք մազերը, չպետք է 40 աստիճանից տաք լինի, այլապես մազերը կկորցնեն թարմությունը: Ուշադրություն դարձրեք շամպունի ու բալզամի ընտրությանը: Դրանք պետք է համապատասխանեն Ձեր մաշկին' չոր մաշկ, յուղոտ մաշկ, նորմալ մաշկ և այլն: Ի դեպ, շամպունը տարածեք արմատներից դեպի ծայրերը, իսկ բալզամը' ծայրերից արմատները:
2. Անմիջապես մազերը լվանալուց հետո խորհուրդ չի տրվում չորացնել դրանք վարսահարդարիչով: Նախ փաթաթեք մազերը սրբիչով, ապա բաց թողեք, որ դրանք չորանան: Իսկ եթե ժամանակ չունեք և ստիպված եք չորացնել մազերը վարսահարդարիչով, ապա օգտագործեք պաշտպանիչ գելեր և չորացրեք մազերը' սարքը պահելով արմատներից դեպի ծայրերն ուղղությամբ, որպեսզի մազերը չճյուղավորվեն:
3. Մազերը սանրել թաց վիճակում խորհուրդ չի տրվում: Իսկ եթե կրկին ստիպված եք, ուրեմն օգտագործեք բնական փայտից պատրաստված սանր, որպեսզի չվնասեք գլխամաշկը: Չոր մազերը խորհուրդ է տրվում հաճախ սանրել և օրը մեկ անգամ «երկարաձգել» այդ պրոցեսը, այսինքն՝ սանրել մոտ 5-10 րոպե: Դա կլավացնի գլխամաշկի արյան շրջանառությունը, մերսման ազդեցություն կունենա, կազատի մազերը կուտակված փոշուց ու կտարածի մազարմատի մոտ կուտակված յուղային մասը ողջ մազի երկայնքով: