Ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը տեսահոլովակ է նկարահանում աշուղական «Հե~յ, հոգի ջան» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Ելենա Արշակյանն է: ArmStar.am-ի հետ զրույցում երգիչը մեկնաբանեց, որ ժողովրդական այս երգը գործիքավորման միջոցով մոտեցրել են ժամանակակցին: «Տեսահոլովակում ես հանդես եմ գալիս որպես հերոս: Մարմնավորում եմ մի նկարչի, ով սիրահարվում է բալետի մի պարուհու, սկսում է նկարել, կերտել կտավներ' նվիրված այդ աղջկան»:
Հետո, ինչպես ներկայացրեց Մավրը, տեսահոլովակի հերոս նկարիչն իր սիրուց այրված վառում է արհեստանոցի բոլոր կտավները: «Պատահաբար նկարիչն իր սիրելիին տեսնում է մի տղայի հետ ձեռք ձեռքի տված ու այրում է բոլոր նկարները: Կտավների հետ միասին այրվում է նաև ամբողջ տունը, որտեղ նաև նկարիչն է»: Տեսահոլովակի ավարտին հանգուցալուծումը թողել են հանդիսատեսին' «նկարիչը մահացա՞վ, թե՞ ոչ»: Մավրը նաև խոստացավ, որ տեսահոլովակի պրեմիերան չի ուշանա: «Այս ամսվա վերջին պատրաստ կլինի»:
ArmStar.am-ի այն հարցին, թե «Շանթ» հեռուստաընկերությունն ինչ մասնակցություն ունի իր' որպես «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակցի տեսահոլովակի նկարահանման հարցում, Մավրը պատասխանեց. «Ոչ միայն տեսահոլովակի նկարահանման, այլև առհասարակ «Շանթ»-ը կապ չունի ինձ հետ, մեր պայմանագիրը երկկողմանի դադարեցվել է: Ես ուզում եմ ներկայանալ որպես անհատ երգիչ»: Մեր այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ պայմանագիրը դադարեցրել է «Շանթ»-ի հետ, արդյոք առաջարկված պայմաննե՞րն էին ոչ բավարար, Մավրը պարզաբանել չցանկացավ: «Անկեղծ ասած չեմ ցանկանում այս մասին խոսել, միայն այն կասեմ, որ պայմանագիրը երկկողմանի դադարեցվել է, և ես պատրաստվում եմ կերտել առանձին անհատ կատարողի իմ կարիերան»: Մեր գաղտնապահ զրուցակիցը չցանկացավ բարձրաձայնել նաև, թե որքան գումար է ծախսել իր առաջին տեսահոլովակի նկարահանման վրա: «Ես որևէ գումար նշել չեմ ցանկանում, պարզապես կասեմ, որ մտերիմներիս ու հայրենակիցներիս աջակցությամբ եմ նկարահանել»:
Այս տեսահոլովակը Մավրի առաջին տեսահոլովակն է, և իր կարիերայի կերտման «առաջնելույթը»: Երգչի հիմանական պլաններից է ժողովրդական երգերի մոդեռնիզացված տարբերակների մատուցումը: «Ես հիմա մտածում եմ մի փոքր այլ ժանրում հանդես գալու մասին. ուզում եմ աշուղական, ժողովրդական երգերը մոտեցնել ժամանակակցին: Արտահայտչամիջոցների, գործիքավորման միջոցով կփորձեմ ժողովրդական երգերը նորովի մատուցել իմ լսարանին: Մեծ ցանկություն ունեմ նաև Կոմիտասի երգերը ներկայացնել թե' Հայաստանում, թե' Հայաստանի սահմաններից դուրս»,- ավելացրեց Մավրը:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը