Շատերիս է ծանոթ «օ՜յ, ես վստահ չեմ…» արտահայտությունը: Ծանոթ է, որովհետև մեզնից յուրաքանչյուր երկրորդը «տառապում է խրոնիկ անվստահությամբ»: Փոքրիկ խնդրից ընկճվելն ու հետ-հետ քայլելն անվստահության բարդույթի նախանշաններն են: Դրանցից պետք է շատ արագ ազատվել:

Նախևառաջ հիշեք, որ երբեք էլ կարևորն այն չէ, թե ինչ ենք մենք անում, այլ այն, թե ինչպես ենք անում: Օրինակ'երբ կանգնած ենք ընտրության առաջ' ուր գնալ երեկոյան և ունենք երկու տարբերակ, անվստահության դեպքում լուծումը հետևյալն է՝ փորձել գտնել «ճիշտ տարբերակը», բայց հավատացեք, որ փնտրելով ճիշտը, Դուք կփչացնեք Ձեր երեկոն, որովհետև շարունակ կմտածեք. «Իսկ եթե «սխա՞լն եմ» ընտրել»: Դուք Ձեզ փշերի վրա կզգաք, անգամ եթե ընտրած լինեք, այսպես կոչված, ճիշտ տարբերակը:

Աշխատեք Ձեր ինքնագնահատականի վրա: Առավել հաճախ հենց ցածր ինքնագնահատականն է անվստահության պատճառ դառնում: Ինչ-որ քայլ կատարելիս մի ցածրացրեք Ձեզ «Բա որ չստացվի ու չկարողանամ» մտքով: Հավատացեք' անգամ եթե չստացվի, Դուք կկորցնեք մի քանի անգամ ավելի քիչ բան, քան կարծում եք:

Մի մտածեք այն մասին, թե ինչ է Ձեզնից ակնկալում շրջապատը: Ի՞նչ կարևոր է, թե ուրիշները ինչ կմտածեն Ձեր մասին: Լսեք խորհուրդներ, բայց, եթե չհամաձայնեք դրանց հետ հոգու խորքում, արեք այնպես, ինչպես հուշում է Ձեր սիրտը:

Եթե դեպրեսիայի հասնող անվստահությունն արդեն ձևավորվել է, ու Դուք չեք հասցրել կանխարգելել այն, ապա լավ տարբերակ է ընկերոջ հետ զրուցելը: Նրանից խորհուրդ մի հարցրեք ու, առավել ևս, թույլ մի տվեք, որ իր կարծիքը ձեր վզին փաթաթի: Ուղղակի մանրամասն ներկայացրեք նրան իրավիճակը: Ձեր իսկ պատմածը լսելով' դուք ինքնուրույն կհանգեք ճիշտ եզրակացության:)

Եվ, ի վերջո, հիշու՞մ եք հայտնի խոսքը. «Գայլից վախեցավ' անտառ չգնաց… »: Կարևոր է հասկանալ մի բան՝ եթե որևէ քայլ ես անում, ունես երկու տարբերակ'կստացվի կամ չի ստացվի: Իսկ, երբ վախենում ես ու ոչինչ չես անում, ստացվելու հավանականությունը զրոյանում է: