aysor.am

Հաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության մասին, որում մասնավորապես, ասված է.

«1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում ձերբակալվել, ապա նաև սպանվել են հայկական ինտելիգենցիայի ավելի քան 800 ներկայացուցիչ: Տարբեր տվյալների համաձայն' հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է դեռ 1880 թ., ընդհանուր առմամբ, սպանվել է ավելի քան 1.5 մլն մարդ: Իմ ընտանիքի համար այս ողբերգական ամսաթիվը շատ բան է նշանակում:

Իմ նախապապը այն մարդկանց թվում էր, որոնց հրաշքով հաջողվել է մազապուրծ լինել: Այդ փախուստի մասին պատմությունը լսել է իմ մայրը, ով այդ ժամանակ շատ փոքր է եղել: Ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել բոլոր նրանց, ում հարազատները տուժել են այդ ժամանակ: Ցեղասպանությունը ազգություն չի ճանաչում, և կարևոր է, որ ժամանակակից աշխարհում մենք կանխենք նման սարսափելի, հակամարդկային դեպքերի կրկնությունը և որևէ ազգ այլևս նման սարսափելի ճակատագրի չարժանանա»: