Առաջին համաշխարհային պատերազմը աղետաբեր եղավ բազմաթիվ երկրների ու ժողովուրդների համար: Բայց ոչ մի ժողովուրդ, իր քանակի ու երկրի տարածքի համեմատ, այնքան մեծ մարդկային ու նյութական կորուստներ չունեցավ, որքան հայերս: Օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորությունից' հայերի համար խիստ աննպաստ, իսկ իրենց համար նպաստավոր պայմաններից, թուրքական զավթիչներն անհապաղ ձեռնամուխ եղան հայ ժողովրդի ցեղասպանության իրենց դիվային ծրագրի իրագործմանը:
Ցեղասպանությունը միջազգային իրավունքի պատմության մեջ մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործությունն է:

Երիտթուրքերի ղեկավարները դժգոհ էին, որ թուրք սուլթաններն ամբողջությամբ չէին բնաջնջել հայերին ու հպատակ մյուս ժողովուրդներին և «հայկական սեպը» չեն վերացրել մահմեդական աշխարհից: Դեռևս պատերազմի նախօրեին' 1913թ. դեկտեմբերի 29-ին Էրզրումից ռուս գլխավոր հյուպատոս Ադամովը հայտնում է. «Այստեղ գաղտնի ժողովներում սկսել են խոսել հայկական ջարդերի մասին: Մոլլաների հրամանով մահմեդականները սկսել են սպիտակ չալմա դնել: Լուրերի համաձայն'ամեն ինչ պատրաստ է ջարդերի համար և միայն սպասում են մայրաքաղաքից արձագանքի»: Հայկական կոտորածները թուրքիայում պատահական չէին: Դրանք օրգանապես կապված էին երիտթուրքերի պանթուրքական քաղաքականության հետ, նախօրոք մտածված, ծրագրված պետական միջոցառումներ էին:Երիտթուրքերի հայտնի պարագլուխներից Բեհաեդդին Շաքիրը լկտիաբար հայտարարել է. «Հայերը կանգնել են մեր ճանապարհին, և մենք անխուսափելիորեն բախվում ենք նրանց հետ: Մենք ստիպված ենք ոչնչացնել այն ամենը, ինչ խանգարում է մեր ազգային իդեալների իրականցմանը»:
Հայկական ջարդերի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի ղեկավարությամբ Կոստանդնապոլսում կայացած Իթիհատի կոմիտեի գաղտնի խորհրդակցության ժամանակ, ինչպես վկայում է այդ կոմիտեի անդամ Մելվան-զադե Ռիֆաթը, դոկտոր Նազըմ բեյն ասում է. «Հայ ազգը պետք է արմատախիլ արվի, մեր հողի վրա անգամ մի մարդ չպետք է մնա, հայ անունը պետք է մոռացվի»: Իթթիհատի կոմիտեի (ջեմիեթի) որոշմամբ կազմվում է 1915թ.ի ապրիլի 15-ի պաշտենական գաղտնի հրահանգը' հայերի զանգվածային տեղահանության ու ոչնչացման մասին: Այդ հրահանգում ասված է. «Որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցի դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմի' մեզ բերած անկախությունից' որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել այն' բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով նրանց դեպի Արաբիայի անապատները' համաձայն տրված մեր գաղտնի հրահանգի»:

Երիտթուրքերի կառավարության առաջին գործը հայ երիտասարդության'կռվող ուժի ոչնչացումն էր: Բանակ կանչելու պատրվակով 18-45 տարեկան տասնյակ հազարավոր հայ երիտասարդների հավաքեցին, ժողովրդից մեկուսացրին և հեռավոր ու խուլ վայրերում մեծ մասին բորենու պես հոշոտեցին: Զորակոչվածներից շատերին աշխատեցնում էին ճանապարհներ պատրաստելու, դիրքեր փորելու, բեռներ փոխադրելու համար: Սովամահ ու տանջամահ էին անում, կենդանի-կենդանի թաղում իրենց իսկ փորած դիրքերում:
Երկրորդ սև գործը եղավ հայ մտավորականության' ղեկավար ուժի ոչնչացումը: 1915թ. ապրիլի 24-ին զանազան կեղծ ու շինծու պատրվակներով Կոստանդնապոլսում բանտարկվում ու աքսորվում են ավելի քան 600 հայ մտավորականների' ականավոր հասարարական գործիչներ, գրողներ, արվեստագետներ, գիտնակններ, բժիշկներ, մանկավարժներ: Աքսորված հայ մտավորականների մեջ էին Կոմիտասը, ականավոր գրողներ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Թլկատինցին, Երուխանը, Ռուբեն Զարդարյանը, հայտնի բժիշկներ Ն. Տաղավարյանը, Բ. Թորգոմյանը, հայագետ գիտնականներ, հրապարակախոսներ Հրանտ (Մ. Կյուրճյան), Գ Բարսեղյանը, Սմբատ Բյուրատը, Տ. Քելեկյանը, Գ. Օղանյանը և շատ ուրիշներ: Մեր ազգի սերուցքին թուրք ոստիկանները քշում էին երեք ուղղությամբ' Այաշ, Չանկրի և Չորում: Վարուժանը, Սիամանթոն, Զոհրաբը, Ռուբեն Սևակը և ուրիշներ աքսորի ճանապարհին գազանաբար հոշոտվեցին: Ականատես աքսորական Գ. Պալաքյանը պատմում է, որ երբ Չանկիրում Դանիել Վարուժանին և Ռուբեն Սևակին իրարից բաժանում են, նրանց ասում են. «Մնաք բարով, մենք մեռնելու կերթանք, մեր որբերուն տեր եղեք»: Վարուժանն ավելացնում է. «Ազգիս ճակատագիրը երազելով պիտի մեռնիմ»: 1915 թ.-ի օգոստոսի 26-ին Չանկրիից 6 ժամ հեռու գտնվող ամայի մի ձորում դահիճները Դանիել Վարուժանին և Ռուբեն Սևակին կապում են ծառերից և դաշույններով կտրատում: Վարուժանը դիմադրություն է ցույց տալիս, դահիճները հանում են աչքերը և թափում փորոտիքը: Իսկ Գրիգոր Զոհրապին և Վարդգեսին' որպես թուրքական խորհրդարանի պատգամավորների, Թալեաթն առանձին է աքսորում և նրանց կյանքի ապահովության համար փարիսեցիաբար կեղծ խոստումներ տալիս: Պոլսում, Գոնիայում, Հալեպում բարեկամները Զոհրապին քանիցս առաջարկում են փախչել, բայց նա չի համաձայնում: «Ում թողնեմ այս անտեր ու անգլուխ ժողովրդին,-ասում է նա: -Չէ՛, փախչեն չեմ կարող, պարտքս է մինչև վերջ պատնեշի վրա մնալ...Մեր փախուստն ավելի կծանրացնի ժողովրդի վիճակը»: 1915թ.-ի օգոստոսի 2-ին Ուրֆայի մոտ գտնվող Կարաքյոփրու վայրում չերքեզ Ահմեդի և Խալիլի հեծյալները գազանաբար հոշոտում են Զոհրաբին, Վարդգեսին և մյուսներին: «Զոհրապի ձեռքն առա ոտքիս տակ,- պատմել է դահիճ Ահմեդը,-ու խոշոր քարով գլուխը ճզմեցի»:Արևմտահայ նշանավոր գրողների ու մյուս մտավորականների կոտորածները ծանր հարված հասցրին հայ գրականությանը, գիտությանն ու արվեստին: Թուրքական վանդալները անսահման մեծ կորուստներ պատճառեցին հայկական մեծ մշակույթին:
Հայ մտավորականության աքսորին հետևում է ավելի քան 10000 ոչ բնիկ պելսոցի հայերի տարագրությունը: 1915-ի գարնանը, երբ հայ գյուղացիները զբաղված էին իրենց դաշտային խաղաղ աշխատանքով, երեխաները դպրոց էին գնում, արևմտյան Հայաստանի վրա նորից բարձրացավ թուրքական յաթաղանը. ռազմաճակատն ապահովելու պատրվակով թուրքական զորքերն ու ոստիկանները զարհուրելի բռնությամբ ու դաժանությամբ արևմտահայերին մասսայամաբար սկսեցին տեղահանել ու քշել երկրի խորքերը, դեպի Միջագետք, Արաբիայի ու Սիրայի անապատները: Իսկ 1915 հունիս 15-ի լուսաբացին Կոստանդնապոլսի սուլթան Բայազետի հրապարակում կախաղան են բարձրացվում 20 հնչակյան գործիչներ, որոնց թվում հայտնի է Փարամազը(Մաթևոս Սարգսյան): Իր վերջին խոսքում, դիմելով թուրք դահիճներին, Փարամազն ասում է. «Դուք մեր մարմինը միայն կարող եք կախել, իսկ մեր գաղափարը' ոչ»:

Հայկական կոտորածների, հայ ժողովրդի մեծ ողբերգության մեղքն ու պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է երիտթուրքերի կառավարության, նրա բախտախնդիր պարագլուխների' Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաների տրիումվիրատի վրա: Թուրքիայի մեծ վեզիր, հայ ժողովրդի դահիճ Թալեաթ փաշան հայտարարում է. «երեք ամսում ես ավելի շատ բան արեցի հայկական հարցը լուծելու համար, քան Աբդուլ Համիդը 30 տարում». «Հայկական հարց այլևս գոյություն չունի, որովհետև այլևս հայեր գոյություն չունեն». «Չարժե հայերի մասին վիճել,-ասում է նա Ամերիկայի դեսպան Հ. Մորգենթաուին,-որովհետև մենք արդեն տեղահանել ենք նրանց երեք քառորդին: Ո՛չ Բիթլիսուն, ո՛չ Վանում, և ո՛չ էլ Էրզրումում այլևս հայեր չկան»: 1915-1916թթ-ին երիտթուրքերի կառավարությունը հրի ու սրի միջոցով արևմտահայերին մասսայամաբր տեղահան արեց հայերի բնակավայրերից, կողոպտեց նրանց ունեցվածքը, ավերեց ու ամայացրեց ամբողջ Արևմտյան Հայաստանը, բնաջնջեց մեկուկես միլիոն հայ: