Եթե քո նոր ծանոթուհին համառորեն լռում է ի պատասխան «Որտե՞ղ ես աշխատում» հարցին, դա դեռ չի նշանակում, թե նա ստրիպ պարուհի է կամ զբաղվում է լրտեսությամբ: Մարդ իր մասնագիտությունը թաքցնելու միլիոն պատճառ կարող է ունենալ: Մենք խնդրել ենք մեր հերոսներին պատմել այն մասին, թե ինչն է իրենց ստիպում խստիվ պահպանել մասնագիտական գաղտնիքը:

Ինչ անհարմար բան ստացվեց...

«Ուսումն ինձանից շատ ժամանակ է խլում, այդ պատճառով լրիվ դրույքով աշխատանքի ինձ չեն ընդունում: Իմ ընկերուհին միանգամայն ստանդարտ պահանջներ ունի. նա սիրում է գնալ սրճարան և կինո, իսկ ես չեմ կարող չվճարել նրա փոխարեն: Ստիպված ժամանակ առ ժամանակ բանում եմ որպես բեռնակիր կամ պահակ: Իսկ ընկերուհիս կարծում է, թե ես դասերից հետո աշխատում եմ որպես իրավաբանի օգնական խոշոր իրավաբանական գրասենյակում»։

Արմեն, 21 տարեկան

«Ամաչել կարելի է ոչ միայն ցածր, այլև բարձր աշխատավարձի դեպքում: Ես աշխատում եմ որպես կառավարիչ մի խոշոր ձեռնարկությունում, բայց թաքցնում եմ իմ իրական աշխատավարձը, երբեմն նաև պաշտոնս: Չեմ ցանկանում, որ մարդիկ իմ ներկայությամբ նեղվեն: Դա բնավ էլ ծիծաղելի չէ: Իրականում ընկերուհիներս ամաչում են ինձ հետ սրճարան կամ խանութ գնալ' գիտենալով, որ ես կարող եմ ինձ թույլ տալ ավելին, քան իրենք: Երիտասարդ տղաների մասին ես ավելի լավ է' լռեմ. հենց տեղեկանում են, որ իրենց ուղեկցուհին ավելի շատ է վաստակում, անմիջապես թերարժեքության բարդույթ են ստանում»:

Անուշ, 33 տարեկան

«Իմ դեպքը շատ բնորոշ է մեր երկրի համար: Ես կենսաբան եմ և ողջ կյանքս աշխատում եմ լաբորատորիայում: Գիտաշխատողի աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել, այդ պատճառով ես գիշերները պահակություն եմ անում տարադրամի փոխանակման կետում: Իհարկե, բարձրագույն կրթություն ունեցող մարդու համար դժվար է դա խոստովանել: Այդ պատճառով ուսանողներիս հետ հանդիպումների ժամանակ ես պատմում եմ, թե իբր մի ոչ մեծ բիզնես ունեմ, իսկ հետազոտություններով զբաղվում եմ սեփական հաճույքիս համար: Ինչ-որ առումով այդպես էլ կա. փոխանակման կետում ես դրամ եմ վաստակում, իսկ լաբորատորիայում զբաղվում իմ սիրած գործով»։

Արեգ, 45 տարեկան

«Նախկինում, երբ ինձ հարցնում էին աշխատանքիս մասին, ես ընկնում էի ծավալուն բացատրությունների գիրկը: Բանն այն է, որ իմ մասնագիտությունը և, համապատասխանաբար, աշխատավայրս զուտ տեխնիկական են, սովորական մարդու համար անհասկանալի բնույթի: Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ բացատրություններն անիմաստ են, քանի որ րոպեներ անց զրուցակիցս կորցնում է հետաքրքրությունն իմ անձի, էլ չասած իմ աշխատանքային «սխրանքների» նկատմամբ: Եվ հիմա «Պաշտոնդ ի՞նչ է» հարցին ես պատասխանում եմ. «Մասնագիտությունս կապված է IT ոլորտի հետ»։

Տիգրան, 24 տարեկան

«Ես աշխատում եմ կես դրույքով որպես գրադարանավարուհի. հանգիստ և հաճելի աշխատանք: Բնականաբար, լեզուս չի էլ պտտվում աշխատավարձս աշխատավարձ անվանել: Ապրում եմ վարձով տրված բնակարանիս վարձավճարով: Ծանոթներս էլ կարծում են, թե ես, իբր, աշխատում եմ հայտնի մի հրատարակչության գովազդի բաժնում: Հո չե՞մ ասելու, որ իրականում ես գրադարանավարուհի եմ: Եվ հետո, իմանալով այդ մասին, նրանք դժվար թե կարողանան համադրել իմ սերը դեպի գեղեցիկ իրերը իմ եկամուտների հետ: Կսկսեն հարցուփորձ անել, իսկ դա ինձ ամենևին էլ պետք չէ»։

Անահիտ, 36 տարեկան

«Ես աշխատում եմ որպես բժիշկ մի կլինիկայում, որը, մեր մեջ ասած, այնքան էլ լավ համբավ չի վայելում քաղաքում: Այդուհանդերձ, ինձ հաջողվում է այնտեղ բավական լավ վաստակել: Այդ պատճառով իմ նախկին գործընկերների և համակուրսեցիների' իմ ներկայիս աշխատավայրի մասին հարցերին ես երբեք հստակ պատասխան չեմ տալիս: Անկեղծ ասած' ես բոլորովին չեմ ուզում, որ իմ անունը կապեն այդ վայրի հետ, մանավանդ որ ես դիտարկում եմ այդ աշխատանքը որպես սեփական անձը ապահովելու ժամանակավոր միջոց»։

Վարդան, 27 տարեկան

«Ես աշխատում եմ որպես մենեջեր մի ընկերությունում, որը զբաղվում է անվադողերի առաքումով: Երեք տարի առաջ, երբ անցա այդ աշխատանքին, հանկարծ պարզվեց, որ իմ կարիքը խիստ զգում են բոլոր հեռավոր բարեկամներս, նախկին համադասարանցիներս և անգամ իմ որդու ուսուցիչները: Նրանք, չգիտես ինչու, կարծում էին, թե ես ի զորու եմ նրանց համար զեղչեր ապահովել, հենց որ ուզեն նոր անվադողեր ձեռք բերել: Մեկ տարի անց դա ինձ ահավոր ձանձրացրեց. այնպիսի զգացողություն էր, կարծես բոլորը շփվում են հետս միայն այն բանի համար, որ ես կարող եմ իրենց օգտակար լինել: Ես կամային որոշում ընդունեցի և լուրեր տարածեցի, թե իբր գործից դուրս եմ եկել: Այդ օրվանից ես շատ ավելի հանգիստ եմ ապրում»։Կարճ և կոնկրետ:?

Յուրա, 52 տարեկան

«Երբ ես աշխատում էի որպես ուսուցիչ, երբեմն դա թաքցնում էի: Պատճա՞ռը. սաստիկ տհաճ է ի պատասխան լսել կարեկցանքներ. «Իսկ որքա՞ն ես վաստակում: Չէ՞ որ ուսուցիչները շատ քիչ են վաստակում»։

Մարիամ, 27 տարեկան

«Ես օդանավի ուղեկցորդուհի եմ, շատ եմ սիրում իմ աշխատանքը և հպարտանում եմ դրանով: Եվ, չնայած դրան, առաջին իսկ պատահածին չեմ պատմում իմ զբաղմունքի մասին, քանի որ դրան անմիջապես հետևում է հարցերի տարափ աշխատավարձիս, աշխատանքային գրաֆիկիս, մշտական թռիչքների պայմաններում անձնական կյանքիս վերաբերյալ: Եվ, իհարկե, հնչում է դասական «Իսկ դուք չե՞ք վախենում» հարցը»։

Մարինա, 26 տարեկան

«Բոլորից թաքցնում էի, որ ձիավարության մարզիչ եմ: Կամ անմիջապես սկսվում էին երկար-բարակ պատմություններ այն մասին, թե ինչպես մանուկ ժամանակ զրուցակիցս մի անգամ ձի է հեծնել, կամ էլ խնդրում էին ձրի ման տալ։ Ի դեպ, ես չեմ սիրում խոսել ձիերի մասին անտեղյակ մարդկանց հետ. մենք միմյանց չենք հասկանա: Դա է պատճառը, որ հիմա ինձ շատ է դուր գալիս մենեջերի պաշտոնը մի միջին, բայց կայուն ընկերությունում. չարժե ոչինչ թաքցնել»։

Կարապետ, 32 տարեկան

Հ.Գ. Անշուշտ, գոյություն ունի մարդկանց մի հատուկ կատեգորիա, ովքեր թաքցնում են իրենց աշխատավայրը: Օրինակ՝ Ազգային անվտանգության համակարգի յուրաքանչյուր աշխատակից տալիս է ստորագրություն տեղեկությունների չհրապարակման մասին, իսկ չափից դուրս շաղակրատողները վտանգում են իրենց ազատությունը և անգամ կյանքը: Այնպես որ, եթե զրուցակիցդ ցրում է խոսակցությունը և չի բացահայտում իր մասնագիտության գաղտնիքը, մի՛ համառիր: Ի վերջո, հանելուկային պետք է լինի ոչ միայն կինը: Դա գիտեն բոլոր ստաժավոր Ջեյմս Բոնդերը: