Մի միլիոնատեր տառապում է աչքերի ծանր հիվանդությամբ: Նա դիմում է բազմաթիվ բժշիկների հիվանդությունը բուժելու համար, խմում է բազմաթիվ ծանրամարս դեղեր, ստանում ամենատարբեր ներարկումները, սակայն' ապարդյուն, հիվանդությունը չի նահանջում, այն ավելի ու ավելի է տանջում նրան: Եվ ահա, հայտնվում է տիբեթցի մի վանական, որը հայտնի էր այդօրինակ հիվանդություններ բուժելու իր հրաշագործ կարողությամբ: Վանականը հասկանում է միլիոնատիրոջ հիվանդության էությունը և ասում, որ մի որոշ ժամանակ հիվանդը պետք է կենտրոնանա միայն կանաչ գույնի վրա, այն էլ այնպես, որ աչքը չընկնի ուրիշ ոչ մի գույնին: Վանականի հեռանալուց հետո միլիոնատերը մի ամբողջ խումբ նկարիչների է վարձում, գնել տալիս մեծ քանակությամբ կանաչ գույնի ներկ և հանձնարարում, որ կանաչ ներկվի ցանկացած իր, որի վրա կընկնի նրա հայացքը: Անցնում է ժամանակ, և վանականը վերադառնում է այցելելու հիվանդին: Սակայն երբ նա մոտենում է միլիոնատիրոջ դղյակին, նրա ծառաները, կանաչ ներկով լի դույլերը ձեռքներում, ընդառաջ են վազում վանականին և դույլերը շուռ են տալիս նրա հագուստի վրա, քանի որ այն կարմիր գույնի էր: Ծառաները պատճառաբանում են, որ թեև իրենց տերն ապաքինվել է, սակայն նա կանաչից բացի այլևս ուրիշ ոչ մի գույն չի տեսնում, նրա աչքերը անզգայացել են մյուս գույների նկատմամբ, և կարմիր գույնը տեսնելու դեպքում նրա հիվանդությունը կվերադառնա: Վանականը ծիծաղում է և ասում. «Եթե դուք ուղղակի գնեիք մի կանաչ գույնի ակնոց, որն ընդամենը երկու ռուփի արժե, ապա կանաչ ներկվելուց կփրկեիք այս պատերը, ծառերը, ծաղկամանները, բոլոր իրերը, ինչպես նաև կկարողանայիք փրկել ձեր տիրոջ ճակատագիրը: Դուք չեք կարող կանաչ ներկել ամբողջ աշխարհը»:
Սիրելի բարեկամներ, այս խորիմաստ պատմությունը ցանկացա թարգմանել հայերեն ու անպայման ներկայացնել ձեզ, քանի որ կարծում եմ, որ այն իր մեջ մեծ իմաստ է պարունակում: Այն ընթերցելուց հետո, համոզված եմ, շատերս հետևություն կանենք ամբողջ կյանքի համար: Իսկապես, հիմարություն է ձևափոխել աշխարհը, առաջինը ինքներս մեզ պիտի ձևափոխենք: Աշխարհն ավելի լավը դարձնելու համար ինքներս դառնանք մի փոքր ավելի լավը, նախ ինքներս փոխվենք, փոխենք մեր աշխարհայացքը, ապրենք ավելի պարզ և աշխարհը կներկայանա մեզ համապատասխան կերպով' բարի ու լուսավոր, առավել ընկալելի ու գունեղ:
Վերջում հավելեմ, որ այս նյութը մշտապես մեծ համակրանք է վայելում կայքիս բոլոր այցելուների կողմից, ինչի համար անչափ ուրախ եմ: Ուրախ եմ նաև, որ իմ մշտական ընթերցողները' կայքումս իրենց առավել դուր եկած հրապարակումներով կիսվում են նաև սոցիալական ցանցերում, իրենց ընկերների շրջանում: Այս նյութը նույնպես այդ հրապարակումների շարքից է: Այնպես որ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ նյութերիս նկատմամբ մշտապես ցուցաբերում եք մեծ ուշադրություն և ջերմ ու բարի վերաբերմունք: Այս նյութի հարցադրումն էլ է բարի: Եկեք մենք էլ աշխարհին նայենք ավելի բարի աչքերով: