Այսօր սիրված հաղորդավար, շոումեն Էրիկ անթառանյանի ծննդյան օրն է: Հաղորդավարն այսօր դարձավ երեսուներեք տարեկան: Այս առիթով ArmStar.am-ը զրուցեց Էրիկի հետ: ''Դեռ օրվա կեսը չկա, բայց արդեն հասցրել եմ հետաքրքիր անակնկալներ ստանալ'': Էրիկին առաջինը իր ծննդյան գիշերը շնորհավորել է կինը՝ Բելլան՝ իր ձեռքով պատրաստած տորթով: ''Նախ կինս գիշերն իր ձեռքով տորթ էր պատրաստել ինձ համար, հետո ինձ հանձնեց մի հասցեաթերթիկ, որի հասցեներով հերթով ես այսօր պիտի գնամ ժամը վեցից, իսկ վերջում հանգուցալուծումը կլինի այս անգամ տանը՝ հարազատների, ընկերների հետ: Ինչու տանը, որովհետև արդեն տանը կա մեզ շատ կապող բան՝ իմ երեխան: Մենք բոլորս որոշել ենք Սերգեյի՝ որդուս հետ միասին անցկացնել ծնունդս, որովհետև եթե ինքը մեծ լիներ, ինքն անպայման պապայի ծնունդին կգար (ծիծաղում է)”:
Էրիկն իր նախորդ տարիների ծնունդներին ստացած նվերներից որևէ բան չառանձնացրեց. ''Առարկայական նվերները բոլորը հոգևոր նշանակություն ունեն, ինձ համար իմ բոլոր նվերներն էլ հիշվող են ու օրիգինալ: Կարող եմ անգամ հիշել, թե 4-5 տարի առաջ ինձ ինչ են նվիրել ընկերներս”: Էրիկի համար կարևոր է նաև նվերի մատուցման ձևը. “Մատուցման ձևն ինձ համար ևս շատ կարևոր է, կարևոր չէ նվերի նյութական արժեքը: Հնարավոր է, որ մատուցման ձևի պատճառով նվերը չընդունեմ'': Էրիկը նշեց նաև, որ ի միջի այլոց արված շնորհավորանքները տարբերում է իրական, անկեղծ բարեմաղթանքներից:
Նշենք նաև, որ Էրիկ Անթառանյանը իր ծննդյան օրը սկսել է աշխատանքային, որտեղ իրեն հաճելի անակնկալ են մատուցել “Ազատ գոտու” աշխատակիցները: “Թեև անցել է այն տարիքը, որ պետք է դպրոց տորթ տանեինք, բայց այսօր իմ կոլեկտիվի հետ նշելու համար ուրախ տորթ էի տարել, քանի որ օրվա մեծ մասը անցկացնելու էի աշխատավայրում: Շատ ամուր ու կուռ անձնակազմ ունենք «Ազատ գոտում»: Պարզվեց, որ իրենք էլ էին ինձ համար անկանկալ պատրաստել, ինչից շաաատ շոյվեցի: Նկարները, որ տեսնեք, կհասկանաք, թե ինչ մանկական հրճվանք ապրեցի, երբ տեսա այն անակնկալը, որ ինձ համար էին պատրաստել գործընկերներս»: Էրիկը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց նաև, որ չի գիտակցում, որ մեկ տարով մեծացել է: «Իմ մեծանալը գիտակցեցի այն ժամանակ, երբ ամուսնացա, հետո, մի քանի տարով մեծացա, երբ երեխա ունեցա (ծիծաղում է): Ծննդյանս օրերին մեծանալու զգացողություն չեմ ունենում»: Էրիկը մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց նաև, որ իր ծննդյան օրն այնքան չի ուրախանում, որքան տասն օր հետո: «Ընդամենը տասը օր հետո որդուս ծննդյան օրն է, որն ինձ համար իսկապես տոն է»: Իր ապրած երեսուներեք տարիների գլխավոր ձեռքբերումը շոումենը համարում է իր ընտանիքը: «Ընտանիք շատերն ունեն, բոլորն ունեն, բայց իմ գլխավոր ձեռքբերում ընտանիքիս արժեքների գիտակցումն է»:
ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Էրիկը հիշեց նաև իր մանկության երազանքները: «Փոքր տարքիում բնականաբար արժեքներն ու ցանկությունները տարբեր են լինում: Այն ժամանակ երազում էի գնացք և օդանավ վարելու մասին: Երկուսն էլ իրականացրել եմ»,-ժպիտով ավելացրեց Էրիկը: Այսօր արդեն Էրիկը երազում է «երկրորդ և երրորդ Սերգեյի» մասին»: «Ես ցանկանում եմ, որ բոլոր այն դժվարությունները, որոնց կհանդիպեմ իմ կյանքում կարողանամ հաղթահարել, իսկ եթե հին ասացվածքի լեզվով ասեմ, կցանկանամ անցնել ևս մեկ ռուբիկոնը»:
ArmStar.am-ը սրտանց շնորհավորում է Էրիկին իր ծննդյան երեսուներեք ամյակի կապակցությամբ, ցանկանում անխափան եթեր, ընտանեկան ջերմ մթնոլորտ, ստեղծագործական նոր մտքեր ու երազանքների իրականացում:
Շնորհավորեց Աշխեն Մնացականյանը / ArmStar.am /