Համաշխարհային փոփ աստղ Շակիրան կանչվել է Բարսելոնայի դատարան՝ մասնակցելու Իսպանիայում հարկային խարդախության գործով իր դատավարության առաջին օրվան, գրում է Daily Mail-ը։

46-ամյա երգչուհին մեղադրվում է 2012-ից 2014 թվականներին Իսպանիայի կառավարությանը 14,5 միլիոն եվրո (մոտ 15,8 միլիոն դոլար) հարկեր չվճարելու մեջ: Սակայն «Գրեմմիի» եւ «Լատինական Գրեմմիի» բազմակի դափնեկիրը հերքել է մեղադրանքն՝ ասելով, որ վճարել է իր պարտքը:

Այս գործը մամուլում հայտնվել էր դեռեւս 2018 թվականին: Ներկայումս այն կախված է նրանից, թե որտեղ է ապրել Շակիրան այդ ժամանակահատվածում: Բարսելոնայի դատախազները պնդում են, որ կոլումբիացի երգչուհին այդ ժամանակահատվածի կեսից ավելին անցկացրել է Իսպանիայում եւ, հետեւաբար, պետք է հարկեր վճարեր երկրին, չնայած՝ նրա պաշտոնական բնակավայրը Բահամյան կղզիներում էր: Հարկային դրույքաչափերը Բահամյան կղզիներում շատ ավելի ցածր են, քան Իսպանիայում:

Դատախազները հուլիսին ասել էին, որ երգչուհու համար կպահանջեն 8 տարի եւ երկու ամիս ազատազրկում եւ 24 միլիոն եվրոյի տուգանք (26,1 միլիոն դոլար)։

Շակիրայի ներկայացուցիչներն ասել էին, որ երգչուհին արդեն վճարել է իր պարտքը եւ հավելյալ 3 միլիոն եվրո (մոտ 3,2 միլիոն դոլար):

Շակիրան մերժել էր 2022 թվականի հուլիսին դատախազների առաջարկած գործարքը՝ իր Llorente y Cuenca հասարակայնության հետ կապերի ընկերության միջոցով ասելով, որ «հավատում է իր անմեղությանը եւ նախընտրում է հարցը թողնել օրենքի ձեռքերում»: Այդ գործարքի մանրամասները չեն հրապարակվել։

Դատավարությունը կնախագահի երեք դատավորներից կազմված հանձնաժողովը՝ մագիստրատ Խոսե Մանուել դել Ամոյի գլխավորությամբ: Ենթադրվում է, որ երգչուհին առավոտյան ժամը 10:00-ն կլինի նիստերի դահլիճում:

Դատավարությունը նախատեսված է ավարտել դեկտեմբերի 14-ին: