Դեւիդ Բեքհեմի նախկին օգնական Ռեբեկա Լուսը, ով 2004-ին լրատվամիջոցներում խառնաշփոթ առաջացրեց, երբ News Of The World-ին վաճառեց մի հոդված՝ պատմելով, թե սիրավեպ է ունեցել ֆուտբոլային աստղի հետ, Daily Mail-ին ասել է, որ իրեն «զայրացրել է» այդ պատմության վերաբերյալ Բեքհեմի տարբերակը, որը վերջինը ներկայացրել է իր վավերագրական ֆիլմաշարում:
«Նա իրեն դարձնում է զոհ, իսկ ինձ՝ ստախոս: Նա այնպիսի տպավորություն է ստեղծել, ասես՝ ես եմ հորինել այս սարսափելի պատմությունները»,-ասել է Լուսը,-«Նա իրեն ամբողջովին «խեղճ» է ներկայացնում։ Նա պետք է պատասխանատվություն ստանձնի»:
Netflix-ի վավերագրական սերիալի չորրորդ մասում բավական անորոշ է ներկայացված Բեքհեմի՝ 2004 թվականի սկանդալային պատմությունը: Ֆիլմում կոնկրետ մանրամասներ չեն նշվում, ոչ էլ Լուսի անունն է տրվում։ Ֆիլմի հեղինակները նախընտրում են կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես է այս պատմության շուրջ ստեղծված «կրկեսն» անդրադարձել ֆուտբոլիստի, նրա կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի եւ նրանց երեխաների վրա, որոնց հետապնդում էին պապարացիները:
«Կարծում եմ՝ մենք երկուսս էլ այդ պահին զգացինք, որ ոչ թե կորցնում ենք միմյանց, այլ խեղդվում ենք»,-վավերագրության մեջ պատմել է Դեւիդ Բեքհեմը,-«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ինչպես մենք անցանք դրա միջով... Վիկտորյան ինձ համար ամեն ինչ է: Նրա ցավը տեսնելն աներեւակայելի դժվար էր, բայց մենք մարտիկներ ենք։ Եվ այն ժամանակ մեզ պետք էր պայքարել միմյանց համար, պետք էր պայքարել մեր ընտանիքի համար։ Իսկ մեր ունեցածի համար արժեր պայքարել»։
Լուսը Daily Mail-ին ասել է, որ վերջին մեջբերումն իրեն ամենաշատն է նյարդայնացնում, եւ դա է հանդիսացել իր խոսելու պատճառը,-«Նա է տառապանք պատճառողը եղել»,-հայտարարել է նա,-«Նրա պահվածքի պատճառով է դա եղել։ Սա նրա սուտն է»:
Նախկին մոդել Լուսը պատմել է, որ մինչ Բեքհեմին հանդիպելը նա աշխատել է կադրային միջազգային գործակալությունում։ Երբ 2003 թվականին Բեքհեմը պայմանագիր կնքեց «Ռեալ Մադրիդի» հետ, գործընկերներից մեկը նրան առաջարկեց աշխատել ֆուտբոլիստի հետ, քանի որ նա ծնվել էր Մադրիդում եւ վարժ խոսում էր իսպաներեն:
Լուսն ասել է, որ իրեն հանձնարարել էին Բեքհեմների համար տուն գտնել Իսպանիայում, մինչ ֆուտբոլիստը Ասիայում էր, իսկ կինը՝ Լոնդոնում: Նա պատմել է, որ տան որոնումների ժամանակ Վիկտորյա Բեքհեմն իրեն խնդրել էր ուղղակիորեն իր հետ խոսել, ոչ թե ամուսնու: Լուսի խոսքով՝ չնայած դրան, ինքը հաղորդագրություններ էր ստանում Դեւիդ Բեքհեմից գիշերվա ժամերին:
Լուսն ասել է, որ ինքը հաղորդագրություն է ուղարկել Դեւիդին՝ տեղեկացնելով, որ կինը իրեն հատուկ հրահանգներ է տվել՝ ուղղակիորեն չկապվել իր հետ: Նրա խոսքով՝ ֆուտբոլիստը պատասխանել է՝ «Մենք կարիք չունենք որեւէ մեկին ասելու այս մասին»:
«Պատմությունները սարսափելի էին, բայց դրանք ճշմարիտ էին»,-ասել է նա Daily Mail-ին,-«Եվ նա է այս ամենի պատասխանատուն։ Նա է մեղավոր իր կնոջ տանջանքների համար»:
Թեեւ Դեւիդ Բեքհեմը հրապարակայնորեն հերքել է Լուսի հետ սիրավեպը, վերջինը Daily Mail-ին բացատրել է, թե ինչու էր որոշել 2004 թվականին հրապարակայնորեն խոսել այդ թեմայով: Նա հայտնաբերել էր, որ Դեւիդը կիսվում էր իր «կեղտոտ» հաղորդագրություններով իր ընկերների հետ, եւ նրանք ծիծաղում էին իր վրա։ Լուսը հավելել է, որ այդ բացահայտումը «վիրավորել է» իրեն:
Կինը նշել է, որ ինքը շատ ավելի քիչ ազդեցություն ունի, քան Բեքհեմները, եւ դարձել է հասարակության զայրույթի թիրախ մի բանի համար, ինչում, իր խոսքով, ներգրավված է ինչպես ինքը, այնպես էլ Դեւիդ Բեքհեմը:
«Ես նույնպես ունեմ ընտանիք, երեխաներ, նրանք նույնպես ունեն Google, եւ նրանք կարող են նաեւ վավերագրական ֆիլմեր դիտել»,-ասել է Լուսը,- «Եվ ես ուզում եմ, որ նրանք իմանան, որ իրենց մայրը բավական խիզախ է եղել, որ դիմակայի Բեքհեմներին ու պնդի իր ճշմարտությունը»: