Շատ պարողների համար Մադոննայի հետ համագործակցելը երազանք է: Սակայն լեգենդար երգչուհու հետ աշխատելն, իրականում, ծանր աշխատանք է։

«Պարեր աստղերի հետ» շոուի ժյուրիի անդամ Քերի Էն Ինաբան, որն իր կարիերայի սկզբում շրջագայել է նրա հետ, դա շատ լավ գիտի։

«Նա նախկինում շատ խիստ էր»,-Ջենիֆեր Հադսոնի շոուում ելույթի ժամանակ ասել է Ինաբան,-«Նա մեկ կանոն ուներ, որի համար ես նրան շնորհակալ եմ՝ ուշանալու յուրաքանչյուր րոպեի համար պարողը պետք է վճարեր իր աշխատավարձից 100 դոլար»։

Թեեւ նման կանոնը հեշտությամբ կարող էր հիասթափության պատճառ դառնալ, Ինաբան, կարծես, չի նեղացել: Նրա խոսքով՝ այժմ ինքն ամեն տեղ ժամանակին է լինում, նույնիսկ՝ «շատ շուտ է գալիս»։

Ինաբան ասել է, որ Մադոննայի մոտ աշխատելն իր երազանքն է եղել՝ չնայած աշխատանքային խիստ պայմաններին։ «Այն ժամանակ կային Մայքլ Ջեքսոնը, Փրինսը եւ Մադոննան, այդպես չէ՞։ Ես հայտնվեցի Մադոննայի հյուրախաղերին եւ մտածեցի. «Սա այն ամենն է, ինչ ինձ պետք է»,-ասել է նա:

Այն բանից հետո, երբ Ինաբան ավարտել է իր շրջագայությունը երգչուհու հետ, նա 23 տարեկանում հեռացել է պարարվեստից: