Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այժմ վայելում է իր լիակատար հանգիստը: Նա “Դժվար ապրուստ” հեռուստասերիալից հետո գործնական առաջարկներ շատ է ստացել, բայց դեռ ոչինչ չի ծրագրել: “Մեկ ամիս է, ինչ հանգստանում եմ, կոնկրետ որևէ բան դեռ չեմ պլանավորել”: Ժաննան մասնագիտությամբ հոգեբան է, ինչն իրեն օգնում է թե’ կյանքում, թե’ աշխատանքում և թե’ մարդկանց հետ հարաբերվելիս:

“Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, հնարավոր է, որ հենց իմ մասնագիտությամբ էլ աշխատեմ”: Ժաննան դերասանի կարիերան սկսել է նկարահանվելով “Դիմակահանդես” սերիալում, որտեղ հանդես էր գալիս հենց իր անունով, իսկ “Դժվար ապրուստ”-ում ռեժիսորն իրեն ընտրել է casting-ի ժամանակ: “Եթե հետագայում գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջարկ լինի, ես միանշանակ կհամաձայնվեմ, իհարկե եթե կերպարն ու արժեքներն ինձ համապատասխան լինեն”: Ժաննա Բուտուլյանն ArmStar.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ նախընտրած և ոչ ցանկալի դերեր չունի: “Չկա այնպիսի դեր, որ ասեմ, երբեք սա չեմ խաղա, և չկա այնպիսինը, որը շատ կցանկանամ խաղալ”:

Ժաննան, լինելով հոգեբան, կարծում է, որ մարդիկ միշտ չէ, որ ճանաչում են իրենք իրենց: Առհասարակ դժվար է սեփական անձին բնութագրելը, բայց դերասանուհին ինքն իր մասին մի բան հաստատ գիտի. “Ես չեմ կեղծում երբեք ինքս ինձ, չեմ ուզում ցույց տալ, մի բան, որը չկա: Կյանքում աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին որ կամ”: Դերասանուհին իր կյանքում առաջնորդվում է սկզբունքներով: “Առանց սկզբունքների չի կարելի ապրել, առանց սկզբունքների մարդ կարող է սխալ ուղի բռնել”: Անձամբ նա առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով. “Չչարախոսել, չզրպարտել մարդկանց, ոչինչ չանել ինչ-որ մեկին հակառակ, այլ անել հանուն…, հանուն երջանկության, ինձ և շրջապատողներիս, վայելել կյանքի ամեն մի պահը”:

Առհասարակ դերասանները շատ են օգտագործում այն արտահայտությունը, թե “Կյանքը բեմ է, մարդիկ' դերասաններ”: Մեր այն հարցին, թե արդյոք Ժաննան այս կարգախոսի կրողն է, դերասանուհին պատասխանեց. “Առհասարակ մենք մեզ վրա կրում ենք դերեր, սոցիալական դերեր, մի տեղ ուժեղ ենք, մի տեղ թույլ, բայց կյանքը պետք չէ դիտարկել որպես բեմ: Շատ ժամանակ մարդիկ առաջնորդվում են ուրիշների կարծիքով, ապրում են հասարակության, հարևանների համար: Այդ իսկ պատճառով հաճախ երջանիկ չեն լինում: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրն առաջին հերթին լսի իր սրտին և առաջնորդվի սեփական ցանկություններով, իհարկե առանց ոտնահարելու որևէ մեկի իրավունքներն ու ազատությունը: Պետք է համարձակ լինել, չթաքցնել զգացմունքները, որովհետև մարդ իր չարածների համար է փոշմանում…”,-ավելացրեց Ժաննան:

Զրուցեց Աշխեն Մնացականյանը