Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հինգշաբթի՝ հուլիսի 20-ին, կորցրել է մոտ 20,3 մլրդ դոլար։ Դա տեղի է ունեցել նրա էլեկտրական մեքենաների Tesla ընկերության բաժնետոմսերի անկման արդյունքում, գրում է Bloomberg-ը։
Ընդհանուր առմամբ, Մասկի կարողությունը նվազել է մինչև 234 միլիարդ դոլար: Դրան նախորդել էր Tesla-ի բաժնետոմսերի 9,7 տոկոս անկումը ապրանքների գների հարկադիր իջեցման մասին գործարարի հայտարարություններից հետո։
Միաժամանակ, Մասկը չի կորցրել իր առաջատարությունը աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում։ Նրա կարողությունը 33 մլրդ դոլարով ավելի է, քան LVMH ընկերությունների խմբի (Louis Vuitton Moet Hennessy) սեփականատեր ֆրանսիացի Բեռնար Առնոյի կարողությունը։
Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի առաջին վեց ամսում միլիարդատերերի վարկանիշի յուրաքանչյուր մասնակից օրական միջինը վաստակել է 14 միլիոն դոլար։ Սա նրանց համար տարվա լավագույն կիսամյակն էր 2020 թվականի երկրորդ կեսից ի վեր։ Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ իրենց կարողությունն ավելացրել են 852 մլրդ դոլարով։