Աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական միլիարդատերերից երկուսը՝ Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել ավանդական խառը մարտարվեստում, գրում է BBC-ն։
Մասկը թվիթերում գրել է, որ պատրաստ է Ցուկերբերգի հետ «վանդակում մենամարտի»։
Դրան ի պատասխան՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերության՝ Meta-ի ղեկավար Ցուկերբերգը հրապարակել է Մասկի թվիթերի սքրինշոթը՝ մեկնաբանելով. «Ինձ տեղյակ պահեք, թե որտեղ ենք հանդիպելու»:
Meta-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ «պատմությունն ինքնին հասկանալի է»:
Ցուկերբերգի հարցին Մասկը պատասխան է ուղարկել՝ «Octagon(ութանկյուն) in Vegas»։
Octagon-ը հատուկ պարսպապատ արենայի անվանումն է, որտեղ մենամարտերը կազմակերպվում են Ultimate Fighting Championship («Բացարձակ մարտական առաջնություն») կազմակերպության կողմից: Այն գտնվում է Լաս Վեգասում՝ Նևադայում:
Իլոն Մասկը, ով այս ամսվա վերջին դառնում է 52 տարեկան, նույնպես թվիթերյան իր էջում գրել է. «Ես հիանալի հնարք ունեմ, որը ես անվանում եմ ծովացուլ. ես պարզապես պառկում եմ իմ հակառակորդի գլխին և ոչինչ չեմ անում»:
Նա նաև թվիթերում գրել է. «Ես գրեթե երբեք չեմ մարզվում՝ բացի երեխաներիս երբեմն վերցնելուց և օդ նետելուց»:
39-ամյա Ցուկերբերգը երկար ժամանակ խառը մենամարտերի վարպետ է և նույնիսկ հաղթել է ջիու-ջիցուի մրցաշարերում։
Մասկի և Ցուկերբերգի միջև հաղորդագրություններն անմիջապես տարածվեցին։ Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր վիճում էին, թե նրանցից ով կարող է հաղթել մենամարտում, մյուսները տեղադրում էին մեմեր, այդ թվում՝ պաստառներ, որոնք գովազդում են մենամարտը: