Սիրուշոն վերադարձել է Հայաստան՝ տուն, ու հետեւորդների հետ կիսվել անկեղծ գրառմամբ։ Երգչուհին ընտանեկան ջերմ լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընտանեկան կյանքի ու աշխատանքային գործունեության համատեղման դժվարություններին։
«Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, եւ աշխատանքը, արդյունքում, մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում, ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում, հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին։ Հիմա, 3 երեխա հետո, երբ վերջնական ձեւավորել ենք մեր ընտանիքը, եւ տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական եւ ընկերական զբաղվածությունն ունեն, եւ ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել»,-գրել է երգչուհին՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, հիմա էլ «օրվա ու կյանքի մեծ մասը, միեւնույն է, իրենցն է»։
Հավելենք, որ օրեր առաջ երգչուհին աշխատանքային ճանապարհորդություններ էր իրականացրել․ սկզբում եղել էր Բուենոս Այրեսում, որտեղ հանդես է եկել ելույթով ու հանդիպումներ իրականացրել, այցելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արգենտինյան գրասենյակ, բարձրացրել Արցախում շրջափակման մեջ գտնվող երեխաների հարցը։ Այնուհետեւ Սիրուշոն մեկնել էր Լոս Անջելես, որտեղ նրա «ՊռեԳոմեշ» բրենդը մասնակցել է խոշոր ցուցադրության։