Գարունը համարվում է ալերգիաների առավել արտահայտված շրջան: Այս խնդիրն ունեցողների մոտ ի հայտ են գալիս տարբեր ախտանիշներ' քթային դժվարաշնչություն, քթից լորձային հոսք, փռշտոց, քոր, արցունքահոսություն, ինքնազգացման վատացում, աչքերի հատվածում քոր, կարմրածություն: Փորձում ենք վայելել գարնանային արևը, կանաչը, ծաղիկները, բայց արի ու տես, որ հենց դրանք էլ ալերգիայի իսկական հարուցիչներն են:
Ալերգիան օրգանիզմի անսովոր ռեակցիան է մարդկանց մեծամասնության համար անվնաս թվացող արտաքին ազդակների նկատմամբ: «Ալերգածինները» կարող են լինել բնական կամ էլ քիմիական ծագման: Սովորաբար իմունային համակարգը կատարում է պահակի դեր, որը միշտ ու ամենուր զգոն է ու արթուն: Սակայն ալերգիկ հակում ունեցող մարդու մոտ այդ ռեակցիաները խիստ բուռն են, ու արտաքուստ անվնաս թվացող նյութերն օրգանիզմում ընդունվում են որպես վտանգ ու նպաստում հիվանդագին վիճակի ստեղծմանը, որը ոչ միայն դժվար է բուժվում, այլեւ նույնիսկ' դժվար ախտորոշվում:
Գարնանային ալերգիայի, դրան նախապատրաստվելու հարցերի մասին LN-ը զրուցեց «Արաբկիր» բժշկական համալիրի ալերգոլոգ Հասմիկ Միրզոյանի հետ:
«Այս շրջանում պետք է զգույշ լինեն նրանք, ովքեր ունեն ալերգիկ նախատրամադրվածություն: Ալերգիաները հատկապես սրվում են գարնանը առաջինը ծաղկող խատուտիկներից, նաև առավել ծանր տիպի ալերգիաներ են առաջացնում գարնանային կանաչ գազոնները, դրանք կոչվում են խառը խոտեր: Ալերգածին են նաեւ հացազգիները»,- նշեց նա:
Բժշկուհին խորհուրդ տվեց այն մարդկանց, որոնք քիչ թե շատ տեղյակ են իրենց մոտ առաջացող ալերգիաների մասին, նախօրոք հակազդել դրանց' ընդունելով հակաալերգիկ պրեպարատներ' «Կլարիցին», «Զիրտեկ», «Կեստին», «Պոլեզին» և մի շարք այլ դեղամիջոցներ, որոնք նաև կաթեցվում են քթին: Սակայն մասնագետը անհրաժեշտ է համարում մինչև դեղորայքին դիմելը, խորհրդակցել ալերգոլոգի հետ, քանի որ հնարավոր է Ձեզ մոտ լինեն նման ախտանիշներ, բայց կոնսուլտացիաներից հետո պարզ դառնա, որ դա լրիվ ուրիշ հիվանդություն է:
Բժշկուհին նաև ցավով նկատեց, որ մեզ մոտ ընդունված չէ պաշտպանիչ դիմակներ կրելը, իսկ արտասահմանում մարդիկ առավելագույնս պայքարում են իրենց առողջության համար: