ՌԴ Իրկուտսկ քաղաքում Վիտալի Շահնազարով անունով երիտասարդն արդեն 2 ամիս է՝ միշտ նույն ժամին ծաղիկներով գալիս է ավտոբուսի նույն կանգառը և սպասում իր սիրելիին:

33-ամյա տղամարդը սպասում է 80 համարի ավտոբուսը, որտեղ 2 ամիս առաջ նա հանդիպել էր աղջկան, ում և սիրահարվել էր առաջին հայացքից: Վիտալին պատմում է, որ ինքը պատահաբար հրել է աղջկան, որի անունը Մարիաննա է եղել: Նրանք այդ կերպ ծանոթացել են և իջել այդ կանգառում, զբոսնել և պայմանավորվել հանդիպել հաջորդ օրը: Սակայն էմոցիոնալ բռնկման պահին տղան մոռացել է նրանից հեռախոսահամար վերցնել:

Սակայն ամեն դեպքում եկել է այդ կանգառ հաջորդ օրը և սպասել մինչև ժամը 10-ը: Երբ աղջիկը չի հայտնվել, Վիտալին հայտարարություն է տեղադրել բոլոր ինտերնետային ֆորումներում, իսկ ինքն այդ օրվանից սկսել է ամեն օր գալ կանգառ՝ աղջկան նորից տեսնելու հույսով:

«Ես գիտեմ, որ նա այս թաղամասում է ապրում: Ես արդեն ոտնատակ եմ տվել բոլոր փողոցները, սակայն՝ ապարդյուն: Ամեն օր աշխատանքից առաջ և հետո ես վազում եմ այստեղ՝ նրան գտնելու հույսով, և ես հավատում եմ, որ մի օր իմ բախտը կբերի»,-Lifenews-ին տված հարցազրույցում պատմել է Շահնազարովը: