ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սաութֆիլդ շրջանի դպրոցներում ապրիլի 11-ից աղջիկներն ու տղաները կսովորեն առանձին մասնաշենքերում, հաղորդում է Detroit Free Press-ը:

Տարածաշրջանի ուսումնական հաստատությունների ղեկավարության խոսքերի համաձայն' հենց այս քայլերն են անհրաժեշտ իրենց շրջանի անկայուն բնակչության համար: Այլ շրջաններից իրենց տարածաշրջանի դպրոցներ եկած շատ աշակերտներ հետ են մնում մի շարք առարկաներից: Ինչպես կարծում են շրջանի ղեկավար մարմինները' առանձին ուսուցումը կարող է լուծել խնդիրը: Որոշ դպրոցներում նույնիսկ առանձին մասնաշենքեր կկառուցվեն:

Երեխաներին մաթեմատիկայի, գրականության և մի շարք այլ առարկաների դասաժամերի ընթացքում կբաժանեն ըստ սեռային պատկանելիության:

Սաութֆիլդը առաջին շրջանը չէ, որտեղ ցանկանում են մտցնել նման սահմանափակում, սակայն առաջին անգամ այս ծրագրի մեջ ներքաշվել են միանգամից այսքան մեծ թվով դպրոցներ:

«Գործող համակարգը պետք է սթափեցնել,- մեկնաբանում է Սաութֆիլդի դպրոցներից մեկի տնօրեն Վանդա Քուք-Ռոբինսոնը,- Մենք բոլորս էլ գիտենք, որ միջնակարգ դպրոցի ուսուցման ավանդական համակարգը պետք է փոխել»: