21-ամյա դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն օրեր առաջ սկսել է նկարահանվել նոր' “Հարազատ թշնամի” հեռուստասերիալում: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի այս տարվա շրջանավարտի տարեդարձի, ամուսնության մասին BRAVO.am-ը պատմել է, այս անգամ մեզ հետ զրույցում նա խոսել է իր նոր կերպարների, ընտանեկան կյանքի եւ խոհանոցային արկածների մասին:

 

“Իմ խաղից չեմ բավարարվում”

“Տիգրանի մոլորակ”-ում նկարահանումներս ավարտել եմ եւ ընդունել “Արմենիա” հեռուստաընկերության նոր սերիալում Բաբիին մարմնավորելու առաջարկը: Անտուն աղջկա կյանքի պատմությունն ինձ շատ հետաքրքրեց. մանկատանը մեծացած Բաբին մանկուց երազել է բարբի տիկնիկ ունենալ, այդպես էլ նրան կոչում են ընկերները: Առաջին մի քանի սերիան նայելիս հասկացա, որ բացվելու, աճելու շատ տեղ ունեմ: Իմ խաղից չեմ բավարարվում, ամեն օր նոր բան եմ սովորում ու փորձում եմ սխալներս շտկել:

Նոր աշխատակազմում ինձ ջերմ ընդունեցին, արդեն սիրում եմ դերասանական խմբին: Շատ ուրախ էի, որ նոր սերիալում պետք է խաղամ Լուիզա Ղամբարյանի հետ: Մեր դերերը դեռ չեն խաչվում, բայց արդեն շփվել ենք, հրաշալի անձնավորություն է:

 

“Ամուսինս իմ մասնակցությամբ սերիալները չի դիտում, բայց ներկայացումները բաց չի թողնում”

Այս տարի ավարտում եմ Թատերական ինստիտուտը: Համակուրսեցիներիս հետ խաղում ենք ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույի “Նվագախումբ” տրագիկոմեդիայում: Քանի որ ներկայացման մեջ երկրորդ ջութակահարն եմ, նվագել չգիտեմ, բայց մի քանի բան սովորել եմ:

Սովորաբար ամուսինս իմ մասնակցությամբ սերիալները չի դիտում. սկզբում միշտ քաջալերում է, հետո զբաղվում իր գործերով: Բայց թատրոնում իմ ներկայացումները բաց չի թողնում, նույնիսկ եթե նույն ներկայացումը դիտել է մի քանի անգամ:

Շատ կցանկանայի երեւանյան որեւէ թատրոնում աշխատել, հրաշալի կլիներ, բայց թատրոններում նոր դերասանների տեղ չունեն: Եղել են կոմերցիոն ներկայացումներում ընդգրկվելու առաջարկներ, բայց այդ ժամանակ սերիալներում խիտ գրաֆիկով էի աշխատում, ֆիզիկապես չէի կարող հասցնել: Նախորդ տարի այնպիսի գրաֆիկ ունեի, որ օրական 4-5 ժամ էի քնում: Հիմա էլ շատ խառը գրաֆիկ է, բայց արդեն վարժվել եմ:

 

“Վառված թավայով վազում էի…”

Ամուսնությունից հետո խոհարարությունը դարձել է իմ հոբբին: Մինչ այդ նույնիսկ չգիտեի' ինչպես են ձվածեղ պատրաստում, անգամ մեր ամուսնության 5-րդ օրը քիչ էր մնում հրդեհեի խոհանոցը: Թավան գազօջախին էի դրել, վառվել էր, ջուր լցնելուց հետո ավելի վատ վիճակում հայտնվեցի. մենակ էի, թավան վերցրել ու տնով մեկ վազում էի, հետո թավան պատուհանից դուրս գցեցի… Հոնքերս, թարթիչներս ու մազերս խանձվել էին: Ավելի ուշ հասկացա' ինչ եմ արել, իջա ու վառված թավան տուն բերեցի: Ընկերներս այս դեպքն արդեն անեկդոտ են սարքել:):

Իսկ հիմա ամուսինս դրսում չի սնվում, փորձում է հասցնել տուն գալ ու անպայման իմ պատրաստած ճաշերն ուտել: Մայրիկիս խորհուրդներով, համացանցի տեսանյութերով ամեն օր նոր ուտեստ եմ պատրաստում, ամեն անգամ նոր բաղադրատոմս եմ գտնում: Անգամ եթե նկարահանումից ուշ վերադառնամ, պետք է մի բան եփեմ կամ առավոտյան շուտ արթնանամ, որ գազօջախին ճաշ լինի:

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն այժմ նկարահանվում է “Հարազատ թշնամի” հեռուստասերիալում

 

Անհրաժեշտ է կարողանալ աշխատանքը համատեղել ընտանիքի ու կենցաղային գործերի հետ: Եթե դրանք միմյանց խանգարում են, ապա պետք է ընտրել ընտանիքը: Նկարահանումներն ու թատրոնն ինձ չեն խանգարում. քնիս ու հանգստիս հաշվին կարողանում եմ համատեղել: Երբ բալիկ ունենամ, ժամանակավորապես աշխատանքս կթողնեմ. պետք է պատրաստ լինեմ ինքս խնամել, ոչ թե տատիկների կամ, ինչպես նորաձեւ է, դայակի հույսին թողնել: Ամեն րոպե պետք է երեխայիդ կողքին լինես, աշխատանքը հետո էլ կարող ես շարունակել, բայց երեխայիդ ամեն նոր քայլը չես կարող վերադարձնել: Ուզում ենք երեք երեխա ունենալ, ինչպես կստացվի:

Ազատ ժամանակս հիմնականում անցկացնում եմ համացանցում, բայց ոչ թե սոցիալական ցանցերում, այլ' ճաշատեսակների պատրաստման տեսանյութեր դիտելով: Ի դեպ, “Օդնոկլասնիկի”-ում տասից ավելի կեղծ էջեր կան, որոնք շփվում են իմ անունից: Ուզում եմ հորդորել այդպես չվարվել: